ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի` հոկտեմբերի 17-ի սանկտպետերբուրգյան ելույթից հետո Ադրբեջանի խորհրդարանի տարածաշրջանային հարցերով հանձնաժողովի նախագահ Արիֆ Ռագիմզադեն շտապել է հայտարարել, թե Հայաստանի  ԱԺ փոխնախագահի ելույթն իրեն շոկի մեջ է գցել, քանի, ըստ Ռագիմզադեի, ռասիզմից եւ քսենոֆոբիայից խոսում է մի պետության ներկայացուցիչ, որն իրականացրել է Խոջալուի ջարդը, եւ որտեղ ոտնահարվում են ազգային փոքրամասնությունների իրավունքները:

Հայկական կողմից դիպուկ պատասխանը չի ուշացել. Է. Շարմազանովը խորհուրդ է տվել Ռագիմզադեին ծանոթանալ Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովի հարցազրույցին, որտեղ վերջինս խոստովանում է, որ Խոջալուի պատասխանատուներն Ադրբեջանի Ժողովրդական ճակատի ներկայացուցիչներն են եղել: Անդրադառնալով Հայաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքների ոտնահարմանը`ԱԺ փոխնախագահը հարց է հնչեցրել. «Այդ ինչպե՞ս են ճնշում, եթե ազգությամբ հույնին ընտրում են երկրի ԱԺ փոխնախագահ»: