Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հոկտեմբերի 21-ին Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվել է մոմավառության սրահի եւ կաթողիկոսական դամբարանի հողօրհնեքի արարողություն:
Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի մամուլի դիվանից, մինչ արարողությունը Մայր տաճարում Մեծ Բրիտանիայի հայոց թեմի առաջնորդ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի ձեռամբ մատուցվել է պատարագ, որին ներկա էին Մայր Աթոռի միաբաններ, ՀԲԸՄ 87-րդ ընդհանուր ժողովի առիթով Հայաստան ժամանած Միության նախագահ Պերճ Սեդրակյանը, կենտրոնական վարչությունը, պատվիրակներ և բազում ուխտավորներ: Պատարագի ընթացքում կատարվել է հոգեհանգստյան արարողություն երջանկահիշատակ Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Երուսաղեմի Հայոց Պատրիարք հոգելույս Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի, ՀԲԸՄ բարեհիշատակ նախագահների և Սիրիայում պատերազմական գործողությունների հետևանքով զոհված հայորդիների հոգիների խաղաղության համար:
Մոմավառության սրահի եւ կաթողիկոսաց դամբարանի վայրում, Վեհափառ Հայրապետի նախագահությամբ, կատարվել է նոր կառույցի (ճարտարապետներ` Ասլան Մխիթարյան և Հայկ Մկրտչյան) հողօրհնեքի արարողությունը:




























