Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր՝ հոկտեմբերի 22-ին, Գյումրիում ներկա գտնվեց «Հայփոստ» ընկերության արդիականացված եւ վերազինված փոստային բաժանմունքի բացման արարողությանը:

Բաժանմունքում մասնավորապես փոխվել եւ նորացվել են ենթակառուցվածքները, տեղադրվել են արդի ծրագրերին համապատասխանող նոր համակարգիչներ, նորացվել է մալուխային համակարգը: Նոր ենթակառուցվածքների եւ օնլայն ցանցի կիրառումը հնարավորություն կտա ավելի արագ եւ օպերատիվ փոստային, ֆինանսական եւ կոմերցիոն ծառայություններ մատուցել  բնակիչներին:  Գյումրիում ընկերության արդիականացված բաժանմունքի թիվն այսպիսով հասնում է վեցի,  առաջիկայում նախատեսվում է նաեւ վերաբացել Մարալիկի բաժանմունքը: «Հայփոստ» ընկերությունը տարվա ընթացքում ընդհանուր առմամբ  արդիականացնելու է 50 բաժանմունք, որից միայն 35-ը` մարզերում:

Փոխվարչապետը  դրական համարեց ընկերության կողմից մարզերում կատարված աշխատանքները, ինչը նպաստում է, որպեսզի մարզերում եւս բնակչությունը մատուցվեն նույն ծառայությունները, ինչ մայրաքաղաքում: 

Փոխվարչապետն այնուհետեւ խորհրդակցություն անցկացրեց Շիրակի մարզպետարանում, որտեղ եւս  ուշադրության կենտրոնում էին սեփական եկամուտների հավաքագրման, մարզում իրականացվող ծրագրերի ընթացքը,  հրատապ այլ  հարցեր:  Խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետ Աշոտ Գիզիրյանը, համայնքների ղեկավարներ, մարզպետարանի պատասխանատուներ:

Զեկուցվեց մարզում գյուղատնտեսական աշխատանքների, ինչպես նաեւ  հողօգտագործողներին մատչելի գնով պարարտանյութ եւ դիզելային վառելանյութ տրամադրելու պետական ծրագրերի, առաջին վերարտադրության ցորենի սերմացուի հավաքագրման ընթացքի մասին:

Այնուհետեւ Գյումրիի վերաբերյալ առանձին խորհրդակցություն անցկացվեց, որի  ընթացքում քաղաքապետ Սամվել Բալասանյանը տեղեկություններ ներկայացրեց սեփական եկամուտների հավաքագրման եւ  քաղաքում իրականացվող ծրագրերի մասին: Քննարկումների ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց լրացուցիչ  ուսումնասիրություններ կատարել համայնքի կողմից այլ անձանց նկատմամբ ստանձնած պարտավորությունների մասով: Փոխվարչապետն անհրաժեշտ համարեց, որ համայնքը կատարի հաստատված պարտավորությունները`բոլոր ուղղություններով եւ ամբողջությամբ: Որոշվեց, որ հարցին լրացուցիչ անդրադարձ կլինի առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում: