Նոյեմբերի 1-3-ին, Մայր աթոռ սուրբ Էջմիածնում, գումարվել է Թեմական ներկայացուցչական չորրորդ ժողովը, որն անդրադարձել է եկեղեցական եւ ազգային կյանքում առկա մի շարք հարցերի ու խնդիրների:

Ժողովի աշխատանքներին մասնակցում էին Երուսաղեմի եւ Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունների ներկայացուցիչներ, Ամենայն հայոց կաթողիկոսության Հայաստանի եւ Սփյուռքի երեսուներկու թեմերի առաջնորդներ, Հայրապետական պատվիրակությունների ու թեմերի աշխարհական ներկայացուցիչներ եւ Գերագույն հոգեւոր խորհրդի անդամներ:

Ժողովականները  գոհունակությամբ ողջունել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայությունը ժողովի նիստերին եւ այդ առիթով հղած ուղերձները:

Նոյեմբեր 1-ի նիստերին ժողովականները քննարկել են Մայր աթոռ սուրբ Էջմիածնի ու Հայ եկեղեցու նվիրապետական աթոռների (Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն, Երուսաղեմի եւ Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքություններ) հետ հարաբերությունների մասին զեկույցը:

Անդրադառնալով Երուսաղեմի Ս. Աթոռի կարեւոր պատմական առաքելությանը Սրբոց Տեղյաց պահպանության գործում` ժողովականներն Աստծու զորակցությունն են մաղթել Երուսաղեմի պատրիարքական տեղապահին` առաջիկա պատրիարքական ընտրությունների կազմակերպման գործում: Ժողովը նաեւ ընդգծել է Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության կարեւոր դերակատարությունը Թուրքիայում հայության ազգային-եկեղեցական կյանքում: Մտահոգություն հայտնելով Պատրիարքության ներկայիս կացության եւ Կ.Պոլսո Պատրիարք Ամենապատիվ Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի առողջական վիճակի առնչությամբ, ժողովը որոշել է խնդրել Գարեգին Բ-ին` թելադրել Կ.Պոլսի կրոնական ժողովին` կազմակերպելու պատրիարքական ընտրություններ` ի խնդիր Կ.Պոլսո Ս. Աթոռի զորացման եւ Թուրքիայի հայության պայծառության: 

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով Հայոց Եկեղեցու միջոցառումների համադրման եւ կազմակերպման հանձնաժողովի նախագահ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը ժողովին ներկայացրել է միջոցառումների առաջարկները: Քննարկումների ընթացքում հանձնաժողովին հանձնարարվել է լրամշակել եւ կյանքի կոչել շուրջ երեք տասնյակ ծրագրեր, ինչպես օրինակ` միջեկեղեցական համաժողովներ եւ էկումենիկ աղոթքի արարողություններ Մայր Աթոռում եւ Քույր Եկեղեցիների հոգեւոր կենտրոններում, Հայաստանում ժողովրդագրական աճին ուղղված միջոցառումներ, բազմալեզու հրատարակություններ:

Այս կապակցությամբ Թեմական ներկայացուցչական ժողովը հանուն Հայ Եկեղեցու բարձրաձայնել է պահանջը Թուրքիայի իշխանություններից վերանորոգելու հայոց խոնարհված եկեղեցիներն ու վանքերը եւ վերադարձնելու դրանք Հայ Եկեղեցուն եւ հայ ժողովրդին, իբրեւ իրավատիրոջ Թուրքիայի հայոց սրբավայրերի:

Նոյեմբերի 2-ի նիստերին Ամենայն Հայոց Կաթողիկոսության եւ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության կողմից ստեղծված Սրբադասման հանձնախմբի կատարած աշխատանքների մասին զեկույց ներկայացրեց հանձնախմբի համաատենապետ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը: Սրբազան Հայրն անդրադարձավ սրբադասման սկզբունքների, կանոնի եւ ծեսի մշակման հարցերին, մասնավորապես Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման խնդրին: Ժողովականները, ողջունելով հանձնաժողովի ցարդ կատարած ուսումնասիրությունները, քննարկումների ընթացքում ներկայացրեցին իրենց առաջարկները եւ հորդորեցին շարունակել հանձնաժողովի գործունեությունը` հրատապ նկատելով Ցեղասպանության անմեղ զոհերի սրբադասումը:

Թեմերում 2009 թ. թեմական ներկայացուցչական ժողովի կողմից ընդունված թեմական կանոնադրության ուղենիշի որդեգրման վերաբերյալ  զեկույցով հանդես եկավ Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: Քննարկումների ընթացքում վերահաստատվեց կանոնական եւ միասնական սկզբունքների վրա եկեղեցական կյանքի կազմակերպման անհրաժեշտությունը եւ, նկատի ունենալով, որ որոշ թեմեր դեռ ի վիճակի չեն եղել ուղենիշին համապատասխանեցնել կանոնադրությունները, որոշվեց մեկ տարով երկարացնել ուղենիշի հոդվածները թեմական կանոնադրություններում ներդնելու ժամկետը:

Նոյեմբերի 3-ի նիստին անդրադառնալով Հայ Եկեղեցու Սահմանադրության ամբողջացման խնդրին` ժողովը թելադրել է նախորդիվ ստեղծված հանձնաժողովին` հետամուտ լինելու Սահմանադրության մեջ ներառնվելիք մնացյալ` Ազգային եկեղեցական ժողովի, Գերագույն հոգեւոր խորհրդի, Եպիսկոպոսաց ժողովի եւ Թեմական ներկայացուցչական ժողովի գլուխների մշակմանը: Թեմական ներկայացուցչական ժողովի առնչությամբ ժողովականները քննարկումների արդյունքում որոշեցին այն վերանվանել Հայ Եկեղեցու Եկեղեցական ներկայացուցչական ժողով, ինչպես նաեւ սահմանեցին ժողովի պատգամավորների կազմը` 1/3 հոգեւորական եւ 2/3 աշխարհական հարաբերակցության սկզբունքով:

Ժողովին Սիրիայում ստեղծված կացության եւ սիրիահայ համայնքի վիճակի մասին զեկուցեց Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը: Այս առնչությամբ ժողովը մտահոգություն արտահայտեց Սիրիայում շարունակվող հակամարտության եւ ժողովրդի կրած կորուստների կապակցությամբ` իր զորակցությունը հայտնելով Սիրիայի հայ համայնքին: Գոհունակություն արտահայտվեց սիրիահայությանը եւ Սիրիայում ազգային-եկեղեցական կառույցներին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու եւ հայրենի իշխանությունների կողմից ցուցաբերված օգնության համար, բայցեւ կոչ արվեց թեմերին եւ ազգային հաստատություններին  շարունակելու իրենց զորակցությունը բերել հայ համայնքին` առկա կարիքները հոգալու եւ կրած կորուստները լրացնելու համար: