Ֆրանսիական FRANCE 24 հեռուստաալիքը տեսանյութ է պատրաստել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերաբերյալ, որը հեռարձակվել է նոյեմբերի 22-ին: Հեռուստաալիքի թղթակիցը եղել է ԼՂՀ-ում, ներկա եղել անցկացվող զորավարժություններին:
Ստորեւ ներկայացնում ենք հատվածներ տեսանյութից:
«Պատասխանը կլինի ազդեցիկ, իսկ զենքը` ծանր, տանկերով, ռազմական տեխնիկայով` շփման ամբողջ գծով»,-սա այն ուղերձն է, որ Լեռնային Ղարաբաղի բանակն ուղարկում է Ադրբեջանին, եթե վերջինս ցանկություն ունենա հարձակվել:
Այս զորավարժությունը ծավալվում է ադրբեջանական ուժերից 10կմ-ից պակաս հեռավորության վրա, որոնք միլիարդավոր դոլարներ են հատկացնում իրենց ռազմական բյուջեին: Նրանք գտնվում են կովկասյան այս լեռների անմիջապես հետեւում: Մենք Աղդամում ենք` Ադրբեջանում: Բայց սկսած 1993 թվականից այս քաղաքը զբաղեցնում է Ղարաբաղի հայկական զինուժը, որը 20 տարի անց վերահսկում է տարածքը»:
Տեսանյութում ներկայացվում է ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի խոսքը. «Մենք երբեք չենք ասել, որ մենք այստեղ միայն պաշտպանական մարտեր ենք վարում: Մեր Բանակի գործառույթները չպետք է սխալ ընկալվեն: Պաշտպանության բանակը ստեղծվել է ոչ միայն պաշտպանական մարտեր վարելու, այլեւ հարձակողական գործողությունների համար»:
Տեսանյութում նաեւ ասվում է. «Այսօր զորավարժությունն իրականացվում է Հայաստանի նախագահի մասնակցությամբ: Սա խորհրդանշական է, քանի որ Հայաստանը տրամադրում է իր ֆինանսական օգնությունը եւ երաշխավորում է այս տարածքի անվտանգությունը: Ինչո՞ւ պիտի շուրջ 20 հազար զինվոր հսկեն Լեռնային Ղարաբաղի` այդ 150 հազար բնակչություն ունեցող անկլավի անվտանգությունը: Հասկանալու համար իրավիճակը` պետք է վերադառնալ 1921թ., երբ Խորհրդային միությունը Ղարաբաղի անկլավը կցում է Ադրբեջանի Խորհրդային Հանրապետությանը: 70 տարի անց` ԽՍՀՄ փլուզման հետ մեկտեղ, Ղարաբաղի բնակչության մեծամասնությունը, որ հայեր էին, անկախանում են Ադրբեջանից: Սակայն նրանց անկախության հռչակագիրը չընդունվեց առանց եռամյա մի պատերազմի, որը կողմերից խլեց 30000 կյանք եւ դադարեցվեց 1994թ. կնքված զինադադարով:
Պատերազմից առաջ Ղարաբաղը տարածք էր, որտեղ բնակվում էին մահմեդական ադրբեջանցիներ եւ քրիստոնյա հայեր: Այսօր փախստական ադրբեջանցիներն ապաստանել են այնպիսի ահավոր պայմաններում, ինչպիսին սրանք են (ցուցադրվում են այդ ճամբարները-խմբ): FRANCE 24-ի թղթակիցը զրուցել է մի քանի ադրբեջանցի տեղահանվածների մասին, որոնք ապրում են հանրակացարաններում կամ այլ շինություններում: Հեռուստաալիքը նշում է, որ այդ ընտանիքներն ապրում են որոշ դեպքերում 8 հոգով 10մ քառակուսի տարածքում, այն դեպքում, երբ երկիրը 2003-2007թթ. նավթային բումի ընթացքում ամեն տարի 20% զարգացման տեմպեր է գրանցել:
Տեղահանվածներից մեկը, ով Շուշիից է, հիշում է, որ Շուշիում լավ են ապրել: «Մարդիկ երբեք չէին ասում` դու հայ ես, ես` ադրբեջանցի, ես այստեղից եմ, իսկ դու այլ տեղից: Անկախ կրոնից` նրանք երբեք չէին ասում` ես մահմեդական եմ, իսկ դու քրիստոնյա: Ոչ ոք երբեւէ այդպիսի բան չէր լսի»,-ասում է նա:
Այնուհետեւ FRANCE 24-ի թղթակիցը ներկայացնում է Շուշիում բնակվող հայ տեղահանվածներին, ովքեր փախել են Ադրբեջանից 1988թ. հայկական ջարդերի շրջանում: Նրանցից մեկը՝ Էդիկ Հովակիմյանը ներկայումս Շուշիում վերանորոգում է իր տունը: «Պատերազմի ժամանակ ես վիրավորվել եմ: Դուք կարծում եք, որ ես նորից կապրե՞մ նրանց հետ, ովքեր ինձ վիրավորել են: Դա անհնար է»,-ասում էն նա:
Հեռուստաալիքը հիշեցնում է, որ ԼՂ բանակցությունների եւ միջազգային միջնորդության 18 տարիները հեռու են տեսանելի կամ անտեսանելի արդյունքներից:
«Ստեփանակերտում` Ղարաբաղի դե ֆակտո մայրաքաղաքում, մի բուռ հայեր եւ ադրբեջանցիներ պահպանում են երկու ժողովուրդների միջեւ խաղաղություն վերահաստատելու իրենց ուղիները: 50 հազար բնակչություն ունեցող այս քաղաքում կան նորմալ մայրաքաղաքին բնորոշ բոլոր պայմանները` խորհրդարան, բանկային համակարգ, հեռուստաընկերություն եւ հանրային ռադիո: Հենց հանրային ռադիոյի գրասենյակում էլ մենք հանդիպում ենք Ռայային եւ նրա հաղորդավարների խմբին: Շաբաթական երկու անգամ նրանք պատրաստում են կեսժամանոց թողարկում ադրբեջանական բնակչության համար: Հայերի կողմից ստեղծված թողարկում ադրբեջաներենով: Այս գաղափարն առաջարկել է Ռայա Բաբաեւան: Նա այն ադրբեջանցիներից մեկն է, ով որոշեց մնալ Ղարաբաղում պատերազմից հետո:
Բաբաեւան ասում է. «Մեր ամբողջ անձնակազմն ու ես հույս ունենք, որ մեր թողարկումը կկարողանա մերձեցնել երկու ժողովուրդներին, եւ որ այն կուղղորդի նրանց դեպի փոխըմբռնում եւ կնպաստի հաշտեցմանը, նույնիսկ եթե երկու ժողովուրդներն այսօր միասին չեն: Վաղը մեր ժողովուրդներն անկասկած կապրեն համատեղ` որպես լավ ընկերներ: Այն ամենն, ինչ մենք անում ենք, հենց այդ նպատակի համար է»:
FRANCE 24-ի ներկայացմամբ, շփման գծում տիրող իրավիճակում ոչինչ չի փոխվել: «Դժվար է ստուգել` հայերն են առաջինը կրակում, թե ադրբեջանցիները, բայց արդյունքն այն է, որ վերջին երկու տարվա ընթացքում շփման գծի երկու կողմերում զոհվել է առնվազն 60 մարդ, եւ գրեթե ամեն ամիս ադրբեջանցի եւ հայ զինվորներ եւ երբեմն քաղաքացիական անձինք ընկնում են դիպուկահարների փամփուշտներից: Սա ամեն ինչ է, բայց ոչ սառեցված հակամարտություն»,- ամփոփում է FRANCE 24-ը:











