Հայտնի գերմանական Metro առեւտրային կայսրության հիմնադիրներից մեկն ինքնասպան է եղել: Գործարարի մարմինը հայտնաբերվել է Գերմանիայի Ռոտախ-Էգերնի իր առանձնատանը: 89-ամյա Օտտո Բայսհայմն անբուժելի հիվանդ էր, հաղորդում է Bild-ը:
Նրա կարողությունը գնահատվում էավելի քան 3 մլրդ եվրո: Ենթադրվում է, որ այն կփոխանցվի երկու ոչ առեւտրային հիմնադրամների` Գերմանիայում եւ Շվեյցարիայում, հաղորդում է Vesti.ru-ն:
Metro-ն Եվրոպայում մեծությամբ 3-րդ առեւտրային ցանցն է: Metro հիպերմարկետները Եվրոպայում սկսել են բացվել 1968 թվականից, իսկ Metro կոնցեռնը հիմնադրվել է 1996-ին` Գերմանիայի երեք «առեւտրային կետերի»` Metro Cash-and-Carry-ի, Kaufhaus-ի եւ Kaufhof-ի միաձուլումից:
Ինչպես հաղորդում է Bloomberg-ը, վերջին տարիներին Օտտո Բայսհայմը ակտիվ մասնակցություն չի ունեցել իր ընկերության աշխատանքին: Նա հայտնի է նրանով, որ իր կյանքում երբեւէ հարցազրույց չի տվել լրագրողներին:



























