ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին, Վիջինիայի համալսարանում հանդես գալով իր առաջին մեծ ելույթով, շփոթել է Ղազախստան եւ Ղրղըզստան անվանումները եւ հիշատակել գոյություն չունեցող ինչ-որ Կիզախստանի մասին:
«ԱՄՆ պետդեպարտամենտի համարձակ աշխատակիցներն աշխատում են երկրագնդի առավել վտանգավոր վայրերում: Նրանք կոռուպցիայի դեմ պայքարում են Նիգերիայում: Նրանք աջակցում են օրենքի գերակայությանը Մյանմարում: Նրանք պաշտպանում են ժողովրդավարական վերափոխումները Կիրզախստանում ու Վրաստանում»,-ասել է նա իր ելույթում:
ԱՄՆ պետքարտուղարի այս սայթաքումը նկատել են The Global Post թերթի լրագրողները, որոնք Քերրիին խնդրել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ պաշտոնական այցով Իսրայել մեկնելուց առաջ պարզաբանել, թե որտեղ է գտնվում Կիրզախստանը:
Հատկանշական է, որ այսօր` փետրվարի 22-ի դրությամբ, ամերիկյան դեսպանատների կայքերում տեղադրված Քերրիի այդ ելույթում այլեւս բացակայում էր Կիրզախստան բառը, որը փոխարինվել էր Ղրղըզստանով:
Նշենք, որ ԱՄՆ պաշտոնյաների նման սայթաքումները բազմիցս հայտնվել են մամուլի էջերում: Այսպես, 2008-ին ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը շփոթել էր Ռուսաստանն ու Վրաստանը: Ավելի վաղ նա շփոթել էր Ավստրիան եւ Ավստրալիան, իսկ 2010-ին Ալյասկայի նահանգապետ Սարա Փեյլինը շփոթել էր Հարավային եւ Հյուսիսային Կորեաները:




























