Հարավային Քալիֆորնիայի հայերը պահանջում են պատժել ՀՀ նախագահի ընտրությունները կեղծած անձանց եւ կատարել քվեների արդար վերահաշվարկ: Նման բողավնդակությամբ հայտարարություն են տարածել ԱՄՆ-ում բնակվող Հայաստանի մի խումբ քաղաքացիներ:
Տարածված հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.
«Վերջին ՀՀ նախագահի ընտրությունները հերթական անգամ ցուցադրեցին Հայաստանում իշխող ռեժիմի իրական դեմքը: Կան մեծաքանակ փաստեր առ այն, որ 2013 թ. փետրվարի 18-ին ՀՀ նախագահի ընտրություններում զանգվածային ընտրախախտումներ են կատարվել, որոնք խեղել են ընտրության ընդհանուր արդյունքները ի շահ Սերժ Սարգսյանի:
Մենք` ՀՀ քաղաքացիներս` Հայաստանում, թե նրա սահմաններից դուրս ծնված-մեծացած, հայտարարում ենք, որ քանի դեռ ընտրակեղծիքների հետեւանքները վերացված չեն եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած պաշտոնական թվերը վստահություն չեն ներշնչում, ոչ ոք չպետք է Սերժ Սարգսյանին ճանաչի որպես վերընտրված նախագահ: Մենք նաեւ պահանջում ենք վերականգնել ՀՀ սահմաններից դուրս քվեարկելու ՀՀ քաղաքացիների սահամանադրական իրավունքը:
Մենք հավաքվելու ենք կիրակի օրը` 2013 թ. փետրվարի 24-ին, ժամը 11:30 Սուրբ Մարիամ Աստվածածնի առաքելական եկեղեցու առջեւ եւ երթով շարժվել դեպի Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսության շենքը ի նշան Հայաստանի ժողովրդի հետ համերաշխության:
Եղեք մեր ձայնի արձագանքը: Թող իմացվի, որ արդարությունն ու ժողովրդավարությունը հաղթանակելու են»:



























