Եգիպտոսի իշխանությունները 2013 թվականի հունվարին մոտավորապես 2,5 մլն դոլար են ծախսել ԱՄՆ-ից 140 հազար կանիստր արցունքաբեր գազ գնելու համար, գրում է բրիտանական Guardian թերթը։ Նման ծախսեր Կահիրեում արել են՝ թեեւ ֆինանսական խնդիրներին եւ սպառնացող սնանկացմանը, նշում է պարբերականը։
Ընդդիմադիրները, իմանալով գործարքի մասին, Եգիպտոսի կառավարությանը կոչ են արել գումարը ծախսել ոչ թե արցունքաբեր գազի վրա, այլ բնակչությանն օգնելու համար։ Դրանից բացի, Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիի հակառակորդները ենթադրում են, որ արցունքաբեր գազ գնելը նշանակում է, որ ոստիկանները մտադիր չեն հրաժարվել բողոքի ակցիան ճնշելու կտրուկ մեթոդներից։
Վերջին ամիսներին Եգիպտոսի անվտանգության ուժերն ակտիվորեն արցունքաբեր գազ են կիրառում հակակառավարական ցույցերի մասնակիցների դեմ, հաղորդում է «Ռուսաստանի Ձայնը»



























