Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգային հանձնաժողովի նիստում, որն ընթանում էր Փարիզում, սկանդալ է եղել ադրբեջանցի պատգամավոր Էլհան Սուլեյմանովի մասնակցությամբ:
Ինչպես Haqqin.az-ին հայտնել է ինքը` Սուլեյմանովը, նիստում քննարկվել են Հայաստանի նախագահական ընտրությունների արդյունքները: Սուլեյմանովն իր ելույթում խստորեն քննադատել է ընտրությունների արդյունքներն ու ԵԽԽՎ դիրքորոշումը, սակայն նախագահող Անդրեաս Հերկելն ընդհատել է Սուլեյմանովի ելույթն ու թույլ չի տվել նրան ավարտել:
Ի նշան բողոքի՝ Սուլեյմանովը լքել է Մոնիթորինգային հանձնաժողովի նիստը եւ իր բողոքն է հայտնել նիստը նախագահողի վերաբերյալ: Սուլեյմանովը նաեւ նշել է, թե ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակությունը պահանջում է ապրիլին Ստրասբուրգում կայանալիք նստաշրջանին քննարկման դնել լիագումար նիստերում տեղ գտած տոտալ խախտումներն ու կեղծիքները: Նա, սակայն, չի նշել, թե ինչ խախտումների եւ կեղծիքների մասին է խոսքը:
Հավանաբար Ադրբեջանը սեփական նախագահական ընտրությունների նախօրեին փորձում է վարկաբեկել եվրոպական կառույցները, որպեսզի արգելի դիտորդների մասնակցությունն ընտրություններին:



























