Կանադայի եւ ԱՄՆ-ի բնակիչները հայտնում են, որ Ամերիկայի երկնքով թռչող հրե երկնաքար են տեսել: Ամերիկյան աստղագիտական միության մասնագետներն այժմ ճշտում են այդ լուրերը:
Ըստ Միության կայքի տվյալների` երկնային մարմնի ենթադրյալ թռիչքի մասին հայտնել են ԱՄՆ-ի արեւելյան ծովափնյա նահանգների եւ Քալիֆորնիայի 35 բնակիչներ, ինչպես նաեւ Կանադայի վեց բնակիչ:
Twitter-ի օգտվողներն իրենց միկրոբլոգներում գրում են, որ շատ երկար հետագծով կանաչ երկնաքարը թռել է հարավային կամ հարավարեւելյան ուղղությամբ, հայտնում է USA Today-ը: Նյու Յորքի բնակիչները թռչող երկնային մարմինը կարողացել են դիտել մի քանի վայրկյան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հայտնում է, որ երկնային մարմինը արեւմուտքից արեւելք է թռել մարտի 22-ին` տեղի ժամանակով 20:00-ին (04:00-ին` Երեւանի ժամանակով ): Russia Today-ը հայտնում է, որ երկնաքարը կարող էր ընկնել Մերիլենդ եւ Դելավեր նահանգների միջեւ: Սակայն արտակարգ ծառայությունները երկնային մարմնի հնարավոր անկման վերաբերյալ տեղկություն դեռ չեն ստացել:











