Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելությունը, որը Մարկ Լյուիսի գլխավորությամբ փետրվարի 4-17-ը գտնվել է Հայաստանում, ՀՀ կառավարության հետ համաձայնություն է ձեռք բերել պահուստային «ստենդբայ» ծրագրի երրորդ ամփոփիչ ստուգումից հետո Հայաստանին տրամադրել 74 միլիոն դոլարի վարկ: Ընդհանուր առմամբ ԱՄՀ-ի կողմից Հայաստանին է տրամադրվելու ավելի քան 800 միլիոն դոլարի վարկ, որի կեսն արդեն տրամադրվել է, իսկ մյուս կեսը կտրամադրվի մինչեւ 2011 թվականի հունիս ամիսը:

ԱՄՀ առաքելության ղեկավարի խոսքով, 2009-ին Հայաստանում արձանագրված բարձր գնաճը պայմանավորված է եղել արտաքին գործոններով, ու թեեւ գնաճի բարձր մակարդակը առաջիկա 1-2 ամիսներին կշարունակվի, ակնկալվում է, որ 2010 թվականի կեսերից գնաճի տեմպը կիջնի:

Հարցին, թե այդ ինչպե՞ս է ԱՄՀ-ն կանխատեսում գնաճի նվազում, երբ ապրիլի 1-ից Հայաստանում թանկանալու են գազի, էլեկտրաէներգիայի եւ մյուս կոմունալ ծառայությունների գները, ինչպես նաեւ այլ առաջին անհրաժեշտության ապրանքներինը, Մարկ Լյուիսը պատասխանեց, որ իրենք 2010-ի համար կանխատեսում են 6 տոկոսի հասնող գնաճ (2009-ին այդ ցուցանիշը կազմել է 7,5 տոկոս), որը պայմանավորված է նրանով, որ 2010-ին՝ 2009-ի համեմատ, գնաճին նպաստող արտաքին գործոններն ավելի թույլ են լինելու: «Իսկապես, առաջիկա մի քանի ամսում գները, այդ թվում՝ կարգավորվող գները, կբարձրանան, սակայն բոլոր բաղադրիչների համադրման արդյունքում գնաճի տեմպը կնվազի»,- ասաց նա: