«Մենք սատարում ենք փոխարժեքի ավելի ճկուն քաղաքականության իրականացմանը: Միեւնույն ժամանակ, Հայաստանի նման փոքր երկրում կարեւոր է հարթեցնել փոխարժեքի տատանումները եւ այդ նպատակով ԿԲ պահուստների օգտագործումը հիմնավորված է»,- փետրվարի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱՄՀ-ի առաքելության ղեկավար Մարկ Լյուիսը, որի ղեկավարած պատվիրակությունը Երեւանում է գտնվում փետրվարի 14-17-ը:
Հիշեցնենք, որ Հայաստանի ԿԲ-ն 2008-ի աշնանից ի վեր դոլարի փոխարժեքը կայուն պահելու համար իր պահուստներից ծախսել է ավելի քան մեկ միլիարդ դոլար, այն դեպքում, երբ այդ պահուստները համալրվել են ԱՄՀ վարկային միջոցներից: Այսինքն ստացվում է, որ ԱՄՀ-ն վարկ է տալիս, իսկ մենք դա ուղղակի մսխում ենք դոլարի ֆիքսված փոխարժեք ունենալու համար:
Հարցին, թե արդյո՞ք ԱՄՀ-ն կրկին հավանության կարժանացնի ՀՀ կառավարության ու ԿԲ-ի քաղաքականությունը, եթե այս տարի եւս 500 միլիոն դոլար ծախսվի փոխարժեքը կայուն պահելու համար, Լյուիսը պատասխանեց, որ Հայաստանի պարագայում իրենք կողմ են ճկուն փոխարժեքի քաղաքականությանը, սակայն միեւնույն ժամանակ ՀՀ որդեգրած քաղաքականությունը արդյունավետ է եղել եւ օգնել է Հայաստանին՝ հարմարվելու մարտահրավերներին:




























