Հայտարարելով, որ Շահումյանի, Մարտակերտի եւ Մարտունիի շրջանները պատկանում են Ադրբեջանին, այդ երկրի ԱԳՆ-ն փորձում է խուսափել այդ տարածքներում էթնիկ զտումների եւ օկուպացիայի համար պատասխանատվությունից, որը Ադրբեջանն իրականացրել է ԼՂ-ի նկատմամբ ագրեսիայի արդյունքում: Այս մասին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Էլհան Փոլուխովի հայտարարությունը, ում «վրդովմունքն» է առաջացրել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը:


"Զարմանալի կլիներ, եթե ադրբեջանական կողմը ներկայացներ գոնե մեկ միջազգային օրենսդրական ակտ, որը թույլ է տալիս բնակչության էթնիկ զտումներ իրականացնել, դա արդարացնելով նրանով, որ դրանք տեղի են ունեցել իբր «սեփական տարածքներում»,- նշել է Բալայանը:

Նկատենք, որ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նախօրեին, անդրադառնալով ԼՂ հակամարտության հետեւանքների վերացման հարցին, հայտարարել էր. «Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ պետք է լուծվեն նաեւ Ադրբեջանի կողմից օկուպացված Մարտակերտի, Մարտունու եւ Շահումյանի շրջանների եւ այդ շրջաններ փախստականների վերադարձի հետ կապված հարցերը: Եւ իհարկե, հակամարտության հետեւանքների վերացման հարցը պետք է լուծվի հակամարտության պատճառները վերացնելուն զուգահեռ: Բոլոր այդ հարցերը անհրաժեշտ է լուծել բանակցությունների միջոցով, փոխադարձ համաձայնության եւ խաղաղ ճանապարհով»: