Ճարտարապետների միության ֆեյսբուքյան էջում տեղադրվել է փոքրիկ գրառում եւ Տարոն Մարգարյանին հասցեագրված բաց նամակ, որտեղ ասվում է.

Այսօր պաշտոնապես Երեւանի քաղաքապետ` պարոն Մարգարյանին է հանձնվել քաղաքապետին առընթեր ճարտարապետական հանձնաժողովի խմբակային դիմումը Երեւանի կենտրոնական ծածկած շուկայի ճակատագրի հանգուցալուծման վերաբերյալ: Նամակում,մասնավորապես, ասվում է.

«Հարգելի պարոն Մարգարյան

Մենք, քաղաքապետարանի ճարտարապետական հանձնաժողովի անդամներս, քաջատեղյակ ենք Մաշտոցի պողոտայի Ծածկած շուկայի խեղման հանդեպ քաղաքապետարանի եւ անձամբ Ձեր անհանդուրժողական դիրքորոշմանն ու նաեւ կիրառած վարչական պատժամիջոցներին: Սակայն շուկայի սեփականատիրոջ ցուցադրական անհնազանդությունը, օրինազանցության հարաճուն շարունակականությունը ու դրա հետ մեկտեղ հանրության զանգվածային բողոքարկումների հանդեպ պետական ատյանների թեւաթափ կեցվածքը մտահոգիչ են ու անբացատրելի: Ճիշտ է, լիազոր բոլոր մարմինները կազմել են գործառույթը դատապարտող պատշաճ արձանագրություններ, սակայն դրանք բոլորն ի վերջո խորհուրդներ են միայն եւ ոչ պարտադրանք: Տպավորությունն այնպիսին է կարծես սեփականատերը ապահովագրված է անպատժելիության զորավոր մուրհակով:

Մինչդեռ զավեշտալի այս ներկայացմանը վերջակետ դնելու համար գոյություն ունի օրենսդրական հստակ ճանապարհ: Այն է.

- Երեւանի Մաշտոցի պողոտայում գտնվող ու որպես հանրապետական նշանակության պատմաճարտարապետական հուշարձան պետության պահպանության տակ վերցված Կենտրոնական ծածկած շուկայի հետ կատարվածը որակավորել որպես մշակութային վանդալիզմ, իսկ սեփականատիրոջ նկատմամբ հարուցել դատական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի հիմքերով, պահանջելով նրանից հուշարձանին հասցված վնասի հատուցում ու զրկելով նրան գուքի նկատմամբ սեփականության իր իրավունքից: Այնուհետեւ Մաշտոցի պողոտայի Ծածկած Շուկան ազգայնացնել ու վերադարձնել Երեւանի համայնքին:

Սա միակ օրինական ելքն է ստեղծված իրավիճակից արժանապատվությամբ դուրս գալու համար: Եվ քանի որ երեւույթի հանդեպ ըմբոստացողը հանրությունն է, ապա եւ քրեական գործը, բնականաբար, պետք է հարուցի հանրային շահերը ներկայացնող ատյանը` քաղաքապետարանը: Սա ոչ միային մեր, հանձնաժողովի անդամների, այլեւ մտահոգ ողջ հանրության պահանջն է, ուղղված պետական ատյաններին, այդ թվում Երեւանի քաղաքապետարանին:

Հարգանքով ու հստակ գործողությունների ձեռնարկման ակնկալիքով,

Հանձնաժողովի անդամներ`

Մկրտիչ Մինասյան

Լեւոն Ղալումյան

Ալբերտ Զուրաբյան

Գուրգեն Մուշեղյան

Սաշուր Քալաշյան

Ասլան Մխիթարյան

Լեւոն Վարդանյան

Աշոտ Ալեքսանյան

Սարգիս Սարդարյան

Ալեքսանդր Բադալյան

Կարո Այվազյան

Արսեն Առուստամյան

Գագիկ Հովհաննիսյան

Հարրի Ռաշիդյան

Հրաչյա Վարդանյան