ՌԴ Պետդումայի քննարկմանն է ներկայացվել «Սխտոր օգտագործելու հետեւանքներից քաղաքացիներին պաշտպանելու մասին» օրենքի նախագիծը։ Փաստաթուղթն արդեն տեղադրված է խորհրդարանի օրենսդրական գործունեության ապահովման ավտոմատացված համակարգում, գրանցված եւ ուղարկված է Պետդումայի նախագահի ստորագրությանը։ Ինչպես բացատրում է նախագծի հեղինակ, ՌԼԴԿ խմբակցության անդամ Սերգեյ Իվանովը, իր մշակած փաստաթուղթն «ուղղված է քաղաքացիների այնպիսի հիմնական իրավունքների պաշտպանությանը, ինչպիսիք են առողջության պահպանման եւ բարենպաստ շրջակա միջավայրի իրավունքները», փոխանցում է «ՌԲԿ»-ն։
«Սխտոր օգտագործելու հետեւանքով առաջացած տհաճ հոտի պատճառով, Ռուսաստանում օրական չի ծնվում մի քանի հարյուր հազար ռուսաստանցի։ Տվյալ երեւույթի հակաժողովրդագրական ազդեցությունը լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունի, սակայն արդեն հիմա մասնագետները վստահաբար պնդում են, որ ընթացիկ դինամիկայի դեպքում այն կարող է զգալիորեն ազդել Ռուսաստանի տարածքը բնակեցնող ազգերի վերարտադրողականության վրա», - նշված է օրինագծին կից բացատրական գրության մեջ։ Ընդգծված է նաեւ, որ սխտորով բուրող մարդկանց հետ ստիպված մտերիմ շփման պատճառով միջին ռուսաստանցին միջինում կորցնում է մոտ 9 տարվա կյանք, իսկ Ռուսաստանի տնտեսությունը՝ մոտ 6,3% ԱԱՀ։
Նման տխուր հետեւանքներից գլուխ հանելու համար առաջարկվում է արգելք դնել սխտորի ազատ օգտագործման վրա։ Օրինագծի հեղինակների կարծիքով, այն օգտագործել թույլատրվում է միայն հատուկ բացօթյա վայրերում, ինչպես նաեւ մեկուսացված եւ լավ օդափոխվող տարածքներում։
Նշենք, որ այս առաջարկը ՌԼԴԿ-ի կողմից արվել է որպես ապրիլմեկյան կատակ:




























