Ռուսաստանը համաձայնել է Իրանին մատակարարել թեթև բազմանպատակ կառավարվող հրթիռների արձակման 90 կայանք։ Այդ հրթիռները Ռուսաստանն օգտագործում է հիմնականում Ուկրաինայի դեմ մղվող պատերազմում։ Այս մասին հայտնում է Financial Times (FT) պարբերականը՝ հղում անելով ռուսական պաշտպանական ձեռնարկության արտադրական փաստաթղթերին։
Ըստ ստացված տվյալների՝ 2024 թվականի մայիսին հրթիռներ և արձակման համակարգեր մշակող «Վիմպել» ընկերությունը նամակ է հղել Մեքենաշինության կոնստրուկտորական բյուրոյին՝ պահանջելով արագացնել АПУ-Л և АПУ-305 տեսակի կայանքների բաղադրիչների մատակարարումը։ Ընկերությունը նախազգուշացրել է, որ մատակարարումների ձգձգումը վտանգում է ինը պայմանագրի կատարումը, որոնցից երկուսը կնքված են արտասահմանյան գնորդների հետ։ Գնորդներից մեկը Չինաստանն է, որը պատվիրել էր 192 АПУ-305 կայանք։ Երկրորդ գնորդին նշելու համար օգտագործվել է «Կ-10» ծածկագիրը․ նրան նախատեսվում էր վաճառել 90 АПУ-Л կայանք։ Ռուսական պաշտպանական այլ փաստաթղթերում այս ծածկագրով նշվում է Իրանը։
Երկու համակարգերն էլ օգտագործվում են ЛМУР հրթիռների արձակման համար, որոնք հայտնի են նաև որպես «Изделие 305»։ Սա բարձր ճշգրտության զենք է, որն ունակ է խոցելու փոքր և շարժվող թիրախներ։ Հրթիռը ներկայացվել է 2021 թվականի «Բանակ» ցուցահանդեսում, իսկ 2022-ին համալրել է ռուսական բանակի զինանոցն ու սկսել կիրառվել Ուկրաինայի դեմ պատերազմում։
Արձակման կայանքները տեղադրվում են ուղղաթիռների վրա։ АПУ-Л-ը նախատեսված է Մի-28 հարվածային և արդիականացված Կա-52 ուղղաթիռների համար ու կարող է կրել երկու հրթիռ, իսկ АПУ-305-ը՝ միայն մեկ։ «Այս հրթիռը շատ ավելի արագ է, քան անօդաչու թռչող սարքը... Վայրկյանում մոտ 230 մետր արագության դեպքում այն 14 կիլոմետրը հաղթահարում է շուրջ մեկ րոպեում»,— նշել է ուկրաինական մասնավոր հետախուզական Dallas Analytics կազմակերպության ներկայացուցիչը։ Հենց այս կազմակերպությունն է փաստաթղթերը փոխանցել պարբերականին։ Ներկայացուցչի խոսքով՝ օպերատորը կարող է հրթիռն ուղղորդել անմիջապես թռիչքի ընթացքում։
Միաժամանակ, փաստաթղթերը չեն հաստատում, որ Իրանի համար նախատեսված արձակման կայանքներն ի վերջո արտադրվել և փոխանցվել են պատվիրատուին։ Պատվերի վերաբերյալ տեղեկությունները նախկինում հրապարակային չեն եղել։
Ավելի վաղ FT-ն հայտնել էր, որ Ռուսաստանն Իրանին օգնել է մշակել գերձայնային թևավոր հրթիռներ և վերջինիս վաճառել «Վերբա» դյուրակիր զենիթահրթիռային համալիրներ։ 2023 թվականին Թեհրանը նաև պայմանավորվածություն էր ձեռք բերել ռուսական Մի-28 հարվածային ուղղաթիռների գնման շուրջ և ստացել երկու Յակ-130 ուսումնամարտական ինքնաթիռ։



























