Այսօր՝ ապրիլի 2-ին, Հայաստանի ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովը Արա Բաբլոյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկել է «Երեխաներին կրծքով սնուցման խրախուսման եւ մանկական սննդի շրջանառության մասին» ՀՀ օրենքի նախագիծն ու հարակից օրինագծերի փաթեթը:
ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հիմնական զեկուցող Արա Բաբլոյանի տեղեկացմամբ՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի տվյալներով՝ մինչեւ վեց ամսականը բացարձակ կրծքով սնուցում իրականացնելու դեպքում տարեկան կարելի է փրկել 1.3 մլն երեխայի կյանք: Կրծքի կաթը գերադասելի է ցանկացած այլ սննդից, քանի որ այն պարունակում է անհրաժեշտ սնուցողական նյութեր, որոնք պաշտպանում են երեխային բազմաթիվ հիվանդություններից: Հետազոտությունները ցույց են տվել, որ կրծքով սնվող երեխաները շշով սնվողների համեմատ 25 անգամ ավելի քիչ խնդիրներ են ունենում. նվազում են ալերգիկ երեւույթները, մաշկային հիվանդությունները, ասթման:
Արա Բաբլոյանը նշել է, որ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության, հասարակական կազմակերպությունների եւ սպառողների կողմից ստացվել են բազմաթիվ առաջարկներ, որոնք մեկ առ մեկ քննարկվել են: Ըստ նրա՝ նախաձեռնության նպատակն է խրախուսել երեխաների՝ կրծքով սնուցումը, հստակեցնել մանկական սննդի եւ հարակից ապրանքների շրջանառությունը:
Օրենքի ընդունման դեպքում կկարգավորվեն մանկական սննդի եւ հարակից ապրանքների արտադրության, պիտակավորման, վաճառքի, բաշխման, գովազդի, ինչպես նաեւ դրանց իրազեկման ու տեղեկությունների տարածման հետ կապված հարաբերությունները:
Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկել են նաեւ «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը:
Նախագծի փաթեթի մշակումը պայմանավորված է հոգեբուժական կազմակերպությունում բուժվող հոգեկան խանգարում ունեցող անձանց իրավունքների՝ պետության կողմից երաշխավորված իրավական հարցերով օժանդակություն ստանալու մեխանիզմները հստակեցնելու անհրաժեշտությամբ:
Հանձնաժողովը օրինագծերին դրական եզրակացություն է տվել՝ ԱԺ ապրիլի 8-11-ի քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկելու համար:

























