Հանգուցալուծումն այն է, որ Րաֆֆի  Հովհաննիսյանն իրականացնի այն հնարավորությունները, որ նրան տրվել են նախագահական ընտրությունների արդյունքում, չմսխի իր քաղաքական կապիտալը: Այս մասին, այսօր՝  ապրիլի 3-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

Նրա խոսքով՝ քանի որ ընտրությունները շարունակական են, իսկ մոտ ապագայում Երեւանի ավագանու ընտրություններն են, եւ «Ժառանգության» առաջնորդն այստեղ հաջողության հասնելով, կարող է ապագայում հաջողություն ակնկալել նաեւ  խորհրդարանական եւ նախագահական ընտրություններում:  Պատգամավորի համոզմամբ՝ քաղաքականության մեջ տեւական աշխատանքն է ապահովում  կայուն հաջողություններ: «Ակնկալում եմ, որ իր մնացած հնարավորությունները հենց այդպես էլ կտնօրինի»,- նշեց Գագիկ Մինասյանը:

Նա ասաց, որ երբ Րաֆֆի  Հովհաննիսյանն ընտրություններում վաստակեց աննախադեպ բարձր տոկոսներ, քաղաքական շրջանակներում խոսակցություններ կային, որ  եթե ինքը կարողանար իրացնել այդ ձեռքբերումը, մենք կարող էինք ունենալ նոր քաղաքական լիդեր ընդդիմադիր դաշտում:  «Ցավոք դա տեղի չունեցավ, իհարկե, դա հեշտ չէ,  այսօր ականատես ենք մի իրողության, թե ինչ պետք է ասի հերթական անգամ պարոն Հովհաննիսյանը»,- նշեց ՀՀԿ-ական պատգամավորը:  Գագիկ Մինասյանի խոսքով՝  քաղաքական  ուժը պետք է հրապարակի իր ծրագրերը, ներկայացնի այն կուսակիցներին եւ մյուս ուժերին, դա է երաշխավորում հաջողություն, իսկ երբ ամեն ինչ պայմանավորված է մեկ անձի ընկալումների արդյունքում ձեւավորված տեսակետից, հասարակությունը չի կարող համակերպվել: «Պետք է սպասենք մինչեւ աօրիլի 9-ը,  եւ հուսանք այն հիմնական պնդումը, որ իր շարժումը չի տանի անտրամաբանական ցնցումների ճանապարհով, կիրականա»,- նշեց Գագիկ Մինասյանը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am