«Առաքելություն» կուսակցության նախընտրական ծրագիրը ներկայացնում է կառավարման նոր մոդել, որը հնարավորություն կտա բոլորովին նոր տեղական ինքնակառավարում կազմակերպել: Այդ մասին ապրիլի 3-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է «Առաքելություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Մանուկ Սուքիասյանը:

Նրա խոսքով, Երեւանի բյուջեի պոտենցիալը իրականում կարելի է երկու անգամ մեծացնել, «մենք կարող ենք դա կյանքի կոչել»: Կուսակցության ներկայացուցիչ Մեսրոպ Առաքելյանը նկատել է, որ իրենց հայտնվելը հանկարծակիի է բերել քաղաքական մյուս ուժերին:

«Ընդդիմադիր եւ կառավարող ուժերը նախանձում են»,- վստահ է Առաքելյանը: Հարցին, թե ո՞ր ճամբարն են իրենք ներկայացնում` ընդդիմադի՞ր, թե՞ իշխանական, Մեսրոպ Առաքելյանը պատասխանել է, որ «եթե իրենք իշխանության մեջ չեն, ուրեմն ընդդիմադիր են»:

Նա նշել է, թե իրենք չեն ապրում ազատ ընտրությունների պատրանքներով, քանի որ արդեն իսկ խախտումներ են գրանցվել: «Խախտումները կանխելու համար, առաջին հերթին, պատրաստվում ենք տեղամասեր ակտիվ վստահված անձանց ուղարկել»,- ամփոփել է նա: