Երեւանի ակտիվ ընտրողները կազմում են ընտրողների ընդհանուր թվի 67 տոկոսը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 3-ին, մամուլի ասուլիսում նշել է «Սոցիոմետր» կենտրոնի ղեկավար, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Նրա խոսքով՝ մարտի 29-30-ին 1930 չափահաս երեւանցիների շրջանում հարցում է անցկացվել, 33 տոկոսը հրաժարվել է պատասխանել հարցերին: 1290 երեւանցիների տված պատասխանների հիման վրա ստացվել է հետեւյալ պատկերը. Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի գործունեության մասին տեղեկացված են՝ ՀՀԿ (82,1 տոկոս), ԲՀԿ (58,4 տոկոս), «Բարեւ, Երեւան» դաշինք (41,2 տոկոս), ՕԵԿ (20,7 տոկոս), ՀՅԴ (19,3 տոկոս), ՀԱԿ (12,1 տոկոս) եւ «Առաքելություն» (7 տոկոս):

Քանի որ այս ընտրություններում կարեւոր դեր են կատարում կուսակցությունների համամասնական ցուցակների առաջին համարները, ովքեր քաղաքապետի պոտենցիալ թեկնածուներ են, նրանց վերաբերյալ տեղեկատվածության մակարդակը հետեւյալն է.

Տարոն Մարգարյան՝ 73,6 տոկոս

Վարդան Օսկանյան՝ 29,9 տոկոս

Արմեն Մարտիրոսյան՝ 13,2 տոկոս

Արմեն Երիցյան՝ 7,5 տոկոս

Արմեն Ռուստամյան՝ 7,4 տոկոս

Վահագն Խաչատրյան՝ 4,7 տոկոս

Մեսրոպ Առաքելյան՝ 0,1 տոկոս:

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները տեղի կունենան մայիսի 5-ին:

Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am