54-ամյա Չինար Խաչատրյանը Գայանե Մ-ին տրամադրել է բնակարան` մարմնավաճառությամբ զբաղվելու համար: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվել է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն՝ 54-ամյա Չինար Խաչատրյանը մեղադրվում է նրանում, որ Գայանե Մ.-ին տրամադրել է բնակարան` մարմնավաճառությամբ զբաղվելու համար: Դատարանը, վերլուծելով եւ գնահատելով քրեական գործի նյութերը, ապացուցված է համարել, որ ամբաստանյալ Չինար Խաչատրյանն իր կողմից վարձակալած, Երեւանի Բաբաջանյան փողոցի 149 շենքի թիվ 39 բնակարանը, պարբերաբար, ընդհանուրը 10-12 անգամ տրամադրել է Գայանե Մ.-ին` պոռնկությամբ զբաղվելու համար, յուրաքանչյուր անգամ բնակարանը տրամադրելու դիմաց Գայանեից ստանալով 1-2 հազար դրամ:
Վերջինս միջնակարգ-մասնագիտական կրթությամբ է, ամուսնալուծված, խնամքին ոչ ոք չունի, նախկինում դատված է, չի աշխատում, հաշվառված է Երեւանի Սիսակյան փողոցի իր բնակարանում:
Քննելով գործը դատարանը վճռել է Չինար Խաչատրյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 1-ին մասով` պոռնկությամբ զբաղվելու համար հաստատություն ստեղծելը, ղեկավարելը կամ պահելը կամ որեւէ հանրային հաստատություն պոռնկությամբ զբաղվելու համար օգտագործելը կամ այլ անձի պոռնկությամբ զբաղվելու համար բնակարան կամ այլ կացարան պարբերաբար տրամադրելը կամ գույքային օգուտ ստանալով՝ պոռնկությամբ զբաղվելուն այլ ձեւով նպաստելը, եւ նրան դատապարտել տուգանքի` 350 հազար ՀՀ դրամի չափով:




























