«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը որոշել է դուրս գալ Երեւանի քաղաքապետարանի էկոլոգիական հանձնաժողովից:
Այս առնչությամբ, նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է.
«Անցած 6 ամիսներին հանձնաժողովի կարծիքներն ու քննարկումները ոչ մի նշանակություն չունեցան եւ չունեն Երեւանի քաղաքապետի որոշումների եւ բաժինների համար: Այս պահին Երեւանի սրտում՝ Օպերայի բակում երկու ապօրինի շինարարություններ են ընթանում «Ջազվե» եւ «Օրիենտո» սրճարաններում:
Ամիսներ առաջ նախաձեռնության ներկայացրած ապօրինի 40 կառուցապատումները Երեւանի կարեւոր հանրային հատվածներում չեն ստացել քաղաքապետարանի իրավական հիմնավորված պատասխան, իսկ 20 առաջարկները եւ բյուջետային միջոցների մասնրամասն ծախսերի մասին հարցումները մնացել են անարձագանք:
Այդ թվում մինչեւ օրս քաղաքապետարանը չի պարզաբանել թե Խանջյան 28 հասցեում փլուզված շենքը երբ է ապամոնտաժվելու, իսկ մեղավորները չեն պատժվել: Իսկ Օպերային կից այգու սոսիների արմատներին թափված բետոնն ու շարվող պատերը վկայում են, որ Մաշտոցի պուրակից դասեր չեն քաղվել:
Ելնելով այն փաստից, որ Փակ շուկայի, Օպերայի եւ նշված 40 եւ ավելի դեպքերում քաղաքապետարանը չի կարողանում վերահսկել կատարվող կառուցապատումների օրինականությունը եւ դեմ գնալ առանձին անհատների շահերին՝ անիմաստ ենք համարում մեր մասնակցությունը էկոլոգիական հանձնաժողովին:
Կից հրապարակում ենք նոր բարբարոսությունների լուսանկարներն ու նախկինում նշված դեպքերի մի մասը եւ անարձագանք մնացած առաջարկները:
Այս ամենը ենթադրում է քաղաքային իշխանության ուղղակի պատասխանատվություն եւ խոսում է այն մասին, որ քաղաքացիները ստիպված են լինելու ինքնուրույն պաշտպանել Երեւան համայնքի տարածը քաղաքապետարանից եւ մասնավոր շահերից»:

























