«Խոսրովի անտառ» պետական արգելոցը Հայաստանի բնապահպանության նախարարության կողմից ներկայացվել է  եվրոպական դիպլոմի: Այդ ուղղությամբ աշխատանքներն սկսվել են դեռեւս 2011 թվականին` նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի կողմից իրականացված  «Բնապահպանական հատուկ հետաքրքրություն ներկայացնող պոտենցիալ տարածքների նույնականացման ծրագրի իրականացում` «Էմերալդ ցանցը Հայաստանում»  ծրագրի  շրջանակներում:

Նշված ծրագիրը ֆինանսավորվել է Եվրախորհրդի կողմից` որպես «Բեռնի կոնվենցիայի» գործողություն: Ծրագրի թիրախային նպատակներից է եղել նաեւ Հայաստանի որեւէ պահպանվող տարածքի միջազգային գնահատումը եւ, համապատասխանելիությունը ապահովելու դեպքում, նաեւ կարգավիճակի ներկայացումը:  Որպես այդպիսին նախարարության կողմից ընտրվել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցը:

Այդ նպատակով 2011թ.  նոյեմբերի  ամսին «ԲԾԻԳ» ՊՀ-ի կողմից կոնվենցիայի քարտուղարությանն   է ներկայացրել Հայաստանի հայտը`  «Խոսրովի անտառ» պետական արգելոցը Եվրախորհրդի պահպանվող տարածքի դիպլոմի առաջադրման  վերաբերյալ:

2012 թվականի փետրվարին Ստրասբուրգում կայացած Կոնվենցիայի «Պահպանվող տարածքների եվրոպական դիպլոմի» փորձագետների խմբի հանդիպման ժամանակ  ներկայացվել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի վերաբերյալ զեկույցն ու արգելոցը Եվրախորհրդի պահպանվող տարածքի դիպլոմի ներկայացնելու հայտը:

Հանձնաժողովը ընդունել է ազգային զեկուցը եւ 2012-ի ապրիլ ամսին Հայաստան է գործուղել իր անկախ փորձագետին` Հերվե Լեթյերին` «Խոսրովի անտառ» պետական արգելոցի առկա վիճակի եւ ներկայացվող հայտին  համապատասխանելու  վերաբերյալ  անկախ գնահատում իրականացնելու եւ զեկույց պատրաստելու նպատակով:

Եվրախորհրդի  փորձագետը «Խոսրովի անտառ»  արգելոցում  նախ` կազմակերպել է պահպանվող տարածքներին ներկայացվող եվրոպական չափանիշներին ու պահանջներին վերաբերող 2-օրյա աշխատանքայի սեմինար, որին մասնակցել են  նախարարության,  արգելոցի, «ԲԾԻԳ» ՊՀ-ի, համայնքների եւ Հ/Կ-ների ներկայացուցիչներ, ապա`  3 օր ինքնուրույն, առանց մեր մասնագետների միջամտության,  ուսումնասիրություններ է իրականացրել արգելոցում:

Արդյունքում` պարոն Հ. Լեթյերի կողմից նոյեմբեր ամսին «ԲԾԻԳ» ՊՀ  է ներկայացվել զեկույցի նախագիծը, որը 2 անգամ լրամշակվել է մեր փորձագետների կողմից, կատարվել են լրացումներ ու հավելումներ, տրամադրվել են լրացուցիչ նյութեր ու պարզաբանումներ, որից հետո այն  ս/թ. մարտի 26-ին ներկայացվել է   Եվրախորհրդի «Փորձագետների խորհրդի մասնագիտական հանձնաժողովին»:

Զեկույցից բխող     հարցերին ու կարծիքներին պարզաբանումներ, մեկնաբանություններ, լրացուցիչ տեղեկատվություն տալու եւ հետագա գործողությունների վերաբերյալ  պայմանավորվածություններ  ձեռք բերելու նպատակով հանձնաժողովի նիստին  հրավիրվել եւ մասնակցում էր ՀՀ բնապահպանության նախարարության պատվիրակությունը:

Զեկույցի եւ զեկույցին հաջորդած քննարկման արդյունքում Եվրախորհրդի «Փորձագետների խորհրդի մասնագիտական հանձնաժողովը» հավանություն է տվել զեկույցին եւ կայացրել   որոշում` «Խոսրովի անտառ» պետական արգելոցի եվրադիպլոմի հայտը ներկայացնելու   կոնվենցիայի   բյուրոյի քննարկմանը:

Համաձայն Եվրախորհրդի ընթացակարգի, բյուրոյի կողմից երաշխավորվելուց հետո  դիպլոմի տրամադրման որոշումը  կայացնելու է Եվրախորհրդի նախարարների կոմիտեն:

Դիպլոմը տրվում է մինչեւ 5 տարի ժամկետով, այն թարգմանվում է Եվրախորհրդի աշխատանքային 2 լեզուներով` անգլերեն եւ ֆրանսերեն, հանձնվում է երկրում` եվրախորհրդի ներկայացուցչի կողմից:

Պատվիրակությունն աշխատել է նաեւ Եվրախորհրդում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության հետ, համաձայնություն է ձեռք բերվել հետագա գործողությունների իրականացման վերաբերյալ:

Այս աշխատանքներին աջակցել է «Անդրսահմանային միացյալ քարտուղարությանը» (TJS), որը նախարարության կողմից մեծապես կարեւորվում է: