Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը վթարի արդյունքում մահացած Սուրենավանի գյուղապետ Վարդգես Ղազարյանին մահվանից առաջ ռեստորանում է հանդիպել եւ գյուղապետը նրան խնդրել է, որ շուտ գնա, ինչին մարզպետը չի առարկել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը: Նա փոխանցեց, որ  մարտի 19-ին-ին  իրենք ռեստորանում նշել են կանանց միամսյակը: Հրավիրված են եղել  ուսուցիչներ, բժիշկներ, ակտիվ կանայք: Միջոցառմանը ներկա են եղել նաեւ գյուղապետները: Ժամը 9-ի սահմաններում մարզպետին մոտեցել է Սուրենավանի գյուղապետն եւ խնդրել շուտ դուրս գալ, ինչին մարզպետը չի առակել ու գյուղապետը գնացել է:

«Երբ ես լսեցի, որ վթարի է ենթարկվել, ես եւ տեղակալներս գնացինք դեպքի վայր: Այնտեղ ասացին, որ տարել են հիվանդանոց: Եկանք հիվանդանոց, ցավոք արդեն մահացած էր եւ ոչնչով չէինք կարող օգնել: Գյուղապետը եղել է սթափ վիճակում: Գյուղապետը նորմալ աշխատում էր  եւ նոր ընտրված գյուղապետ լինելով փորձում էր ավելի շատ աշխատանքներ կատարել, քան նախորդը»,-ասաց նա:

Հարցին, թե իր կարծիքով տեղի ունեցածը դժբախտ պատահա՞ր էր, թե՞ սպանություն, քանի որ հարազատները պնդում են, որ նրա առջեւով սեւ մեքենա է անցել, մարզպետն ասաց. «Ես անպատասխանատու հայտարարություններ անելու իրավունք չունեմ: Մասնակցել եմ հուղարկավորության բոլոր արարողություններին եւ նման բան չեմ լսել: Կատարվում է նախաքննություն եւ քննությունը կպարզի իրականում մահվան եւ վթարի հանգամանքերը»:

Գյուղապետի տեղակալ Ռոբերտ Մկրտչյանն էլ  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իր ճշտումներով, ոչ մի սեւ մեքենա էլ չի անցել գյուղապետի մեքենայի առջեւով: «Իմ հալալ հորքուրի թոռը նրա մեքենայի հետեւեց գնալիս է եղել: Գյուղապետի մեքենայից մի մեքենա հետ է գնացել: Պատմեց, որ գնում էր մեծ արագությամբ եւ հանկարծակի միանգամից թեքվեց եւ ընկավ այդ փոսի մեջ: Ինքն է զանգել շտապօգնություն, փրկարարներին, ու ոչ մի մեքենա չի անցել իր առջեւով»,- պատմեց գյուղապետի տեղեկալը:

Հարցին, թե այս դեպքում, ո՞րն է եղել վթարի պատճառը, նա պատասխանեց. «Ըստ իմ ստացած տվյալների՝ վթարից մի 20 րոպե առաջ զանգել է մեր գյուղապետարան  եւ քարտուղարին ասել է, որ իրեն վատ է զգում  եւ չի կարողացել խոսել: Դրանից մի քանի րոպե հետո էլ զանգել է իր հարսին եւ ասել, որ փրկեն իրեն, քանի որ վատ է: «Հարսը պատմում է, որ լսել է  երաժշտության ձայն եւ մի հատ դմփոց, ինչից կարելի է  ենթադրել, որ մինչեւ վթարի ենթարկվելն իրեն վատ է զգացել: Գյուղապետը մեծ պաշտոն չի, որ հետեւեն, սպանեն, անշառ տղա էր, հարգված: Ոչ թաղային հեղինակություն էր, ոչ գողական, սեփական քրտինքով աշխատող խելոք մարդ էր, դրա համար էլ ժողովուրդը սիրում էր»,- ասաց գյուղապետի տեղակալը: Սուրենավանի գյուղապետի եղբայր Վազգեն Ղազարյանն էլ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ միանշանակ սեւ գույնի մեքենա է եղբոր մեքենայի առջեւը կտրել, սակայն համարները չեն ֆիքսել: Իսկ, երբ փոխանցեցինք գյուղապետի տեղակալի  պատմածները, նա արձագանքեց. «Դա սուտ է: Ես չգիտեմ, թե գյուղապետի տեղակալը հիմա ինչ խաղեր է տալիս եւ ինչ է ուզում արած լինի: Ինչ որ լսել եմ իր տղան պետք է թեկնածությունը դնի, չգիտեմ ինչեր է անում»: Նա նաեւ նշեց, որ հարսին զանգել է մինչեւ մարզպետի ռեստորանից դուրս գալը: «Հարսը նույնիսկ երաժշտության ձայնն է լսել: Եթե հարսը դմփոց լսած լիներ, ապա հեռախոսն անպայման գյուղապետի ձեռքից  ընկած կլիներ վթարի ժամանակ: Բայց հեռախոսը նրա կոստյումի գրպանում է եղել: Բժիշկները գրպանից հանեցին տվեցին ինձ»,- ասաց գյուղապետի եղբայրը եւ ավելացրեց, որ դեռ սպասում է  նախաքննության ավարտին: Նա նաեւ տեղեկացրեց, որ գյուղապետը մահացել է թոռան ծնվելու օրը, իսկ մյուս թոռն էլ մի քանի օրից կծնվի:

Ավելի վաղ տեղկացրել էինք, որ մարտի 19-ին, ժամը 22.15-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Շահումյան գյուղում տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռեւս չբացահայտված հանգամանքներում Երեւան-Երասխ ավտոճանապարհի 30-րդ կմ-ում շրջվել է «Լադա պրիորա» մակնիշի 585 LL 26 համարանիշի ավտոմեքենան, ինչի հետեւանքով վարորդը` 51-ամյա Վարդգես Ղազարյանը տեղում մահացել է: Ավելի ուշ պարզվել է, որ մահացածը Արարատի մարզի Սուրենավան գյուղի գյուղապետն է: