Մայրության եւ գեղեցկության տոնին ընդառաջ, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանի ճեմասրահում հյուրընկալել է Երեւանի ավագանու կին անդամներին եւ պատվավոր քաղաքացիներին, լրատվամիջոցների կին ներկայացուցիչներին, մայրաքաղաքի մշակույթի եւ սպորտի ոլորտների կին ներկայացուցիչներին ու համատիրությունների աշխատանքը ղեկավարող կանանց:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ողջունելով եւ նախապես շնորհավորելով տոնի առթիվ, քաղաքապետը ներկա կանանց մաղթել է անսպառ հմայք ու երեւանյան գրավչություն:
«Դուք մեր հասարակական կյանքում դերակատարում ստանձնած մարդիկ եք եւ օր օրի ավելի ու ավելի կարեւորվում է ձեր ակտիվ մասնակցությունն ու ներգրավածությունը տարբեր բնագավառներում: Հարգարժան տիկնայք, շնորհավորելով ձեզ, ուզում եմ նաեւ համոզմունք հայտնել, որ մենք միասին, օր առաջ, կունենանք այն մայրաքաղաքը, որի մասին հոգու խորքում երազում է յուրաքանչյուր հայ: Ավելի կոնկրետ, Երեւան, որն ավելի լա՛վն է լինելու»,-ընդգծել է քաղաքապետը:
Մայրության եւ գեղեցկության տոնի առիթով կազմակերպված ընդունելությանը ներկա կանանցից մի քանիսը արժանացել են քաղաքապետի պարգեւների:




























