Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր՝ ապրիլի 5-ին, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հետ մասնակցել եւ առաջին ծիրանենին է տնկել «Ծիրանի գենետիկական ռեսուրսների պահպանում եւ օգտագործում» ծրագրի շրջանակներում հայկական ծիրանենու կոլեկցիոն այգու հիմնարկեքին:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Երկրագործության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի 5 հա տարածքի վրա ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության աջակցությամբ հիմնած նոր այգում հետագա օգտագործման համար կպահպանվեն ծիրանենու 82 նույնականացված սորտեր:
Ներկայացնելով ծրագրի կարեւորությունը մեր հանրապետության գյուղատնտեսության համար, Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նշել է, որ վերջինիս իրականացումը ծիրանենու գենետիկ ռեսուրսները հավաքելուց ու պահպանելուց բացի, կխթանի եւ կամրապնդի նշված պտղի արտադրության կայուն հիմքերը երկրում:
«Ծիրանենին, գյուղատնտեսության համար ունի կարեւոր դերն ու նշանակություն ունի, քանի որ վերջինիս պտուղը հիմնական բնամթերք է ինչպես վերամշակող եւ արտահանող կազմակերպությունների, այնպես էլ երկրի բնակչության համար:
Տարեցտարի ավելանում են ծիրանենու այգետարածքներն ու դրա հետ էլ` վերջինիս արտադրությունը: Հանրապետության ծիրանենու այգիները, որոնք ներկայումս շուրջ 10 հազար հեկտար են, առաջիկայում ավելանալու միտում ունեն»,- ասել է նա` շեշտելով, որ կոլեկցիոն այգին բաց է լինելու բոլոր գիտնականների, հետազոտողների, ինչպես նաեւ` արտադրողների առջեւ:
Ցուցադրական այգիներում լայնորեն կներկայացվի նոր ագրոտեխնիկայի կիրառումը եւ կկազմակերպվեն դասընթացներ մեր ֆերմերների համար: Արտադրական նշանակությունից զատ նշված այգիները կօժանդակեն նաեւ զբոսաշրջության խթանմանը, մանավանդ, որ մինչեւ ս.թ. հուլիս ամիսը նախատեսված է հիմնել եւս նմանատիպ հինգ այգիներ:
Հիմնարկեքի մասնակիցների կողմից առաջարկվել է դրանց տարածքը ներառել պետության կողմից պահպանվող հատուկ տարածքների ցանկում:




























