Ապրիլի 8-ին 5-օրյա այցով Վրաստան են ժամանել Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի ներկայացուցիչները, Վրաստանի հարցով համազեկուցողներ մայքլ Աստրուպ Յենսենը (Դանիա) եւ Բորիս Ցիլեւիչը (Լատվիա): Ինչպես Թբիլիսիի օդանավակայանում հայտնել են պատգամավորները, իրենց նպատակն է ծանոթանալ Վրաստանի իրավիճակին, ուսումնասիրել Վրաստանի խորհրդարանի ընդունած օրենքները, ծանոթանալ Ջավախքում տիրող իրավիճակին:

Ինչպես հաղորդում է «Գրուզիա Online»-ը, ապրիլի 9-ին ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի անդամները կմեկնեն Ջավախք եւ հանդիպումներ կունենան Ախալցխայում եւ Ախալքալաքում: Ախալցխայում նրանք կհանդիպեն տեղական ՀԿ-ների ներկայացուցիչների, իսկ Ախալքալաքում` Վրաստանի ժողովրդական պաշտպանի ներկայացուցիչ Սեդա Մելքումյանի եւ Ռեինտեգրացիայի հարցերով պետնախարարի ներկայացուցիչ Էդուարդ Աղասարյանի հետ:

Համազեկուցողները նաեւ կհանդիպեն Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի, պետնախարար Պաատա Զաքարեիշվիլիի հետ:

Մայքլ Աստրուպ Յոնսենն ու Բորիս Ցիլեւիչը Վրաստանից կհեռանան ապրիլի 12-ին: