Թեեւ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը մնացել է ընդամենը մեկ օր, բայց դեռեւս հայտնի չէ ԱԺ երկու խմբակցությունների մասնակցությունը կայանալիք հատուկ նիստին:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը ԲՀԿ մասնակցության վերաբերյալ NEWS.am-ի հարցին ի պատասխան հայտնեց, որ նման քննարկում չեն ունեցել եւ չեն էլ պատրաստվում ունենալու: Նա մեջբերեց ՀՅԴ իր գործընկերների հայտնի խոսքը` ասելով, «օրը կգա, բարին հետը»:
Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի մասնակցությանն ԱԺ հատուկ նիստին, նրա մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դեռ տեղեկություն չունի այդ մասին:
Իսկ ՀՅԴ-ում արդեն օրը եկել է, բարին էլ` հետը: Խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը մեզ հետ զրույցում նշեց, որ օրվա ընթացքում հայտարարությամբ հանդես կգան: «Ինչպես ընկեր Աղվանն էր ասել, օրը կգա` բարին հետ, հիմա օրը եկել է, բարին` հետը»,- նշեց նա:



























