Ապրիլի 5-ին կեսգիշերին վթարի ենթարկված նախկին պատգամավոր, ԲՀԿ անդամ Զոհրաբ Զոհրաբյանի վթարի ենթարկվելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունից NEWS.am-ը տեղեկանում է, որ փաստի առթիվ ապրիլի 5-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս):

Նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ ապրիլի 5-ի կեսգիշերին Հրաչյա Քոչար-Փափազյան խաչմերուկում վթարի է ենթարկվել նախկին ՀՀԿ-ական, ներկայումս ԲՀԿ շարքերը համալրած Զոհրաբ Զոհրաբյանը։ Վերջինս վարորդի հետ անգիտակից վիճակում տեղափոխվել է «Արմենիա» ԲԿ։ Ըստ ԱԻՆ լրատվական ծառայության՝ դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել Վեկտրա» մակնիշի 34VU251 համարանիշի եւ «Չերրի» մակնիշի 09UL425 համարանիշի ավտոմեքենաները: Զոհրաբ Զոհրապյանը հիվանդանոց էր տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում` գանգուղեղային տրավմա, կրծքավանդակի սալջարդ վնասվածքներով: Զոհրաբ Զոհրաբյանը դեռեւս միացված է արհեստական շնչառության ապարատին, վիճակը գնահատվում է կայուն ծանր, իսկ նրա վարորդը արդեն դուրս է գրվել հիվանդանոցից: