Ատելությունից սեր մի քայլ է: Այսկերպ է բնորոշել «Ժառանգության» եւ Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստների փոխհարաբերությունները «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը ապրիլի 8-ին կայացած մամուլի ասուլիսում:

Նրա խոսքով, երկու ուժերի նորարարական հոսանքներն օգնեցին վերջին տարիներին հասարակական գիտակցության աճին: «Նրանք պետք է համագործակցեն, որ ուժեղացնեն նոր քաղաքացիական ճակատը: Նրանց համար իրար դեմ գործելը նույնն է, թե գործել իրենց դեմ: Իսկ եթե նշում եք փոխադարձ հակակրանքի մասին,  կարող եմ հիշեցնել հին ճշմարտությունը` ատելությունից սեր մի քայլ է»,- ասել է Մանուչարյանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին նախատեսված է նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հանրահավաքը: Վերջին ամիսներին նա պարբերաբար հանրահավաքներ է իրականացնում, ինչպես եւ 2008-2011թ. Հայ ազգային կոնգրեսը: Սակայն երկու ուժերի միջեւ փոխադարձ կազմակերպչական աջակցություն չի նկատվում:

Լուսանկարն` Արսեն Սարգսյանի/NEWS.am