Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենքը, որը տուգանքներ է նախատեսում լրատվամիջոցներում հայհոյանքների օգտագործման համար: Համապատասխան փոփոխություններն արվել են «Զանգվածային լրատվամիջոցների մասին» եւ Վարչական իրավախախտումների մասին օրենքներում:
Փաստաթուղթը 2-3 հազար ռուբլի տուգանք է սահմանում քաղաքացիների, 5-20 հազար` պաշտոնատար անձանց, 20-200 հազար ռուբլի` իրավաբանական անձանց համար: Վիրավորական արտահայտություններ պարունակող նյութերը ենթակա են առգրավման, իսկ խախտման առկայությունը պարզելու են փորձագետ-բանասերները: Օրենքի գործողությունը տարածվում է նաեւ ինտերնետային լրատվամիջոցների վրա:
Օրենքը բուռն դժգոհություն է հարուցել հասարակության եւ մասնագիտական շրջանակների մոտ: Ռուսաստանի լրագրողների միության քարտուղար Աշոտ Ջազոյանը, մեկնաբանելով օրինագիծը, այն մահապատիժ էր անվանել լրատվամիջոցների համար, քանի որ օրենքով երկրորդ անգամ վիրավորանք հայտնվելու դեպքում լրատվամիջոցը կարող են փակել: «Ստացվում է, որ եթե ինչ-որ մեկը ինչ-որ մեկին ինչ-որ տեղ է ուղարկել, փաստացի մենք դրանով մահապատժի ենք ենթարկում լրատվամիջոցները»,- նշել է նա:
Օրինագիծն ընդունվել էր Պետդումայի կողմից երրորդ ընթերցմամբ, մարտի 19-ին, իսկ մարտի 27-ին հաստատվել Դաշնության խորհրդում:



























