Վաղը` ապրիլի 9-ին, ժամը 11.00-ին, ժողովուրդը հավաքվելու է Ազատության հրապարակում, եւ արդեն 12.00-ին տեղի կունենա «Նոր Հայաստանի» երդմնակալության արարողությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ժառանգության» մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը:
Դիտարկմանը, թե այսինքն` տեղի է ունենալու Րաֆֆի Հովհաննիսյանի երդմանակալության արարողությունը, նա ուղղեց. «Նոր Հայաստանի երդմնակալության արարողությունը»:
«Նոր Հայաստանի» երդմնակալության արարողությանը հոգեւորականների հատուկ հրավեր չի եղել, բայց Հովսեփ Խուրշուդյանը նշեց, որ չեն բացառում, որ այդպիսի նախաձեռնություն լինի, հոգեւարականը գա եւ օրհնի: Երդմնակալությունը տեղի է ունենալու Սահմանադրության վրա: Դրանից հետո կլինի տոնական համերգ: Հանրահավաքը կշարունակվի քաղաքական ելույթների ձեւաչափով: «Ելույթներ կունենան տարբեր գործիչներ, այս պահին չեմ կարող թվարկել»,- նշեց մամուլի քարտուղարը:
Ապրիլի 9-ին ժամը 18.00-ին էլ նախատեսվում է անցկացնել երթ Երեւանի կենտրոնական փողոցներով:
Ի դեպ, վաղը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























