Երեւանի ավագանու ընտրություններն իրականում հետաքրքիր եւ մրցակցային են լինելու, քանի որ բոլոր հիմնական քաղաքական ուժերը մասնակցում են դրան: Այդ մասին ապրիլի 8-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:

«Այս ընտրությունների ինտրիգը կայանում է նրանում, որ բոլոր քաղաքական ուժերն ունեն հավասար շանսեր: Իհարկե, իշող հանրապետական կուսակցությունն ավելի մեծ հնարավորություն ունի, տիրապետում է վարչական ռեսուրսներին, սակայն բոլոր ոչ իշխանական ուժերի համագործակցության եւ միավորման դեպքում վերջիններս կարող են առավելագույն կերպով չեզոքացնել վարչական ռեսուրսը»,- նշել է քաղաքագետը:

«Սակայն հիմնական պայքարն ընթանալու է ՀՀԿ-ի եւ «Բարգավաճ Հայաստանի» միջեւ: Այստեղ հատուկ դեր կխաղա Հայ ազգային կոնգրեսը, որ հանդես է գալիս նոր ձեւաչափով: Կարծում եմ` «Բարեւ, Երեւան» դաշինքը նույնպես իր կշիռը կունենա»,- ամփոփել է Երվանդ Բոզոյանը:

Նշենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները կայանալու են մայիսի 5-ին, ընտրություններին մասնակցում է 6 կուսակցություն եւ մեկ դաշինք:

Լուսանկարը` Արսեն Սարգսյանի/NEWS.am