Սերժ Սարգսյանը երդվում է ըստ Սահմանադրության, Րաֆֆի Հովհաննիսյանինը` սահմանադրական կարգի խախտում է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` անդրադառնալով այսօր Ազատության հրապարակում սպասվող իրադարձություններին եւ Րաֆֆի Հովհաննիսյանի վերջին կոչին:

Նա նշեց, որ որեւէ բան չի լինելու, ընդդիմությունը ընդդիմություն է լինելու, իշխանությունն էլ` իշխանություն: Գալուստ Սահակյանի խոսքով՝ իրենք մտահոգված են մեր ժողովրդի համար, որն իր խնդիրներից ելնելով խաբկանքի սարդոստայնի մեջ է գտնվում, բայց կարծում է` ժամանակի ընթացքում ժողովրդի բոլոր հատվածները կմիանան:

Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի` կեսօրին Ազատության հրապարակ գալու եւ իրեն ձերբակալելու մասին հայտարարությանը, ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասաց. «Այն միջավայրում, որտեղ ծնվել է` օտար աշխարհում, փոքր ժամանակ տուն-տունիկ մոտը չի եղել խաղալու, հիմա Հայաստանում վերջին ակորդն է, փորձում է տուն-տունիկ խաղալ: Այնպես որ, ինչ-որ մի տեղ էլ գլխավոր դատավոր չեն գտնում, որ իրեն տանեն ձերբակալեն, հանգիստ թող իր միտինգը անի»:

Նշենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես է եկել ոստիկանությանն ուղղված հայտարարությամբ, որտեղ նշում է, որ ոստիկանությունը թույլ է տվել իր լիազորությունները գերազանցող գնահատականներ,  ապաեւ հենվելով իր իսկ անհեթեթ գուշակությունների եւ կռահումների վրա՝ նաեւ զրպարտչական բնույթի որակումներ տվել իր գործողություններին:

«Իր պաշտոնական պարտականությունները վերջին օրը կատարող Սերժ Սարգսյանին եւ նրան ենթակա իրավապահ մարմինների ղեկավարներ Վլադիմիր Գասպարյանին, Գորիկ Հակոբյանին եւ համապատասխան հարգարժան մյուս պաշտոնյաներին հայտնում եմ, որ այսօր կեսօրից դուք այլեւս դադարում եք ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը եւ հայ ժողովրդին: Ես ձեր տարածած հակասահմանադրական հայտարարության հետքերով պահանջում եմ ձեր հրաժարականը: Այլապես, եթե իմ կազմակերպած հավաքները, ինչպես դուք եք ասում, «հակաիրավական, այդ թվում՝ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված գործողությունների դիմելու միտում» են պարունակում, իսկ դրանց խաղաղ բնույթը` «կախված իրավիճակի զարգացումից, կդառնա մասամբ կամ ամբողջովին բովանդակազուրկ», ապա հենց այսօր կեսօրին եկեք Ազատության հրապարակ եւ ձերբակալեք ինձ: Այնտեղ ես իսկապես պատրաստվում եմ ստանձնել հայ ժողովրդի կողմից փետրվարի 18-ին ինձ վստահված պարտականությունները»,- ասել է նա:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am