Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Տիգրան Առաքելյանը երեք օրով ազատ է արձակվել: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը:
Նա տեղեկացրեց, որ դատարանի որոշմամբ` ընտանեկան բացառիկ հանգամանքներից ելնելով` իրենց թույլատրվել է երեք օրով կարճաժամկետ մեկնել:
Մեր տեղեկությունները` Տիգրան Առաքելյանի հայրը մահացել է, եւ նա պետք է մասնակցեր հոր հուղարկավորության եւ հոգեհանգստյան արարողությանը:
Նշենք, որ նոյեմբերի 12-ին կայացած նիստում դատավորը հեռացրել էր 4 ակտիվիստներից երեքին, իսկ փաստաբան Վահե Գրիգորյանը լքել էր դահլիճը: Ըստ պաշտպանական կողմի, դատավորները հստակ պատվեր ունեին արագ ավարտել գործի լսումն ու անփոփոխ թողնել դատավճիռը:
Վճռի հրապարակումից հետո ՀԱԿ ակտիվիստներից Սարգիս Գեւորգյանը նշեց, որ իրենք պարտադիր բողոքարկելու են ապօրինի վճիռը: Նա նաեւ արձանագրեց, որ վերաքննիչ դատարանում աննախադեպ ապօրինություն է եղել, քանի որ իրենց զրկել են արդյունավետ պաշտպանվելու հնարավորությունից եւ վերջին խոսքի իրավունքից:
Հիշեցնենք, որ փաստաբան Ստեփան Ոսկանյանը վերաքննիչ բողոքում միջնորդում է բեկանել Երեւանի Կենտրոն եւ Նորք -Մարաշ վարչական շրջանների դատարանի հուլիսի 20-ի դատավճիռը եւ կայացնել արդարացման դատավճիռ:
Հուլիսի 20-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը հրապարակել էր ՀԱԿ-ի ակտիվիստներ Սարգիս Գեւորգյանի, Դավիթ Քիրամիջյանի, Տիգրան Առաքելյանի եւ Արտակ Կարապետյանի գործով դատավճիռը:
Տիգրան Առաքելյանը դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման, Արտակ Կարապետյանը` 3, Սարգիս Գեւորգյանը եւ Դավիթ Քիրամիջյանը` 2-ական տարվա ազատազրկման:
2011թ. օգոստոսի 9-ին Խնկո Ապոր Գրադարանի մոտ տեղի ունեցած միջադեպից հետո ոստիկանության Կենտրոնի բաժին բերման էին ենթարկվել Հայ ազգային կոնգրեսի 7 ակտիվիստներ: Ավելի ուշ, երիտասարդներից 4-ի մասով գործն ավարտվել էր եւ ուղարկվել դատարան, մյուս երեք երիտասարդների մասով գործը դեռեւս գտնվում է ՀՔԾ-ում: Վեց երիտասարդները ստորագրությամբ ազատ էին արձակվել, իսկ Տիգրան Առաքելյանը կալանավորված էր մնացել:
Ըստ ոստիկանության, գրադարանի մոտ միջադեպն սկսել էր այն բանից, երբ ոստիկանները մի երիտասարդի հորդորել էին շանը ման տալ դնչկալով, մինչդեռ երիտասարդների պնդմամբ, միջադեպը սկսվել էր ոստիկանների սադրիչ գործողությունների հետեւանքով: Նրանք նաեւ նշել էին, թե ոստիկաններն իրենց դաժան ծեծի են ենթարկել:



























