Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր` ապրիլի 9-ին կայացած երդմնակալության արարողությանը շնորհակալություն է հայտնել թե իրեն ընտրած, թե այլ թեկնածուներին ընտրած ՀՀ քաղաքացիներից:

«Շնորհակալություն եմ հայտնում մեր քաղաքացիներին նախագահական ընտրություններին ակտիվ մասնակցելու համար: Շնորհակալ եմ նրանց, ովքեր վստահել են ինձ շարունակել աշխատանքը Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնում»,- նշել է նա եւ հավելել. «Նաեւ շնորհակալ եմ նրանց, ովքեր իրենց ձայնը տվել են այլ թեկնածուների: Դրանով նրանք արտահայտել են իրենց դժգոհությունը երկրում առկա խնդիրների վերաբերյալ: Դրանով նրանք իշխանություններին հղել են հստակ ուղերձ՝ ավելի արդյունավետ աշխատելու պահանջ: Համոզված եղեք, որ բոլոր ուղերձները տեղ են հասել»:

Սարգսյանը առաջիկա հինգ տարիներին մեր պետության եւ ժողովրդի առաջնահերթ խնդիրն է համարում տնտեսական առաջընթացը: «Հայաստանի հիմնախնդիրների մի ողջ փաթեթ այս հարթությունում է: Կառանձնացնեմ երեք հիմնականը՝ արտագաղթ, գործազրկություն, աղքատություն: Դրանց լուծումները նույնպես այս հարթությունում են: Արդյունավետ եւ վերելքի ճանապարհը բռնած տնտեսություն. ահա հաջողության մեր բանաձեւը»,- նշել է Սարգսյանը եւ հավելել. «Երկրորդ առաջնահերթությունը իրավունքի գերակայության ապահովումն է: Բոլորի հավասարությունը օրենքի առջեւ պարտադիր պայման է մեր թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական զարգացման համար»:

«Երրորդ առաջնահերթությունը, որն ամենաուղղակի կերպով կապված է նախորդի, այսինքն՝ իրավունքի գերակայության հետ, ժողովրդավարության խորացումն է: Համեմատե՛ք հինգ տարի առաջվա Հայաստանը այսօրվա Հայաստանի հետ եւ կտեսնեք տարբերությունը: Համեմատե՛ք խոսքի, մամուլի, հավաքների ազատության մակարդակները: Համեմատե՛ք հասարակական կազմակերպությունների եւ ընդհանրապես քաղաքացիական հասարակության կայացածության մակարդակները: Խոստանում եմ, որ եղածով չենք բավարարվելու, կանգ չենք առնելու: Հինգ տարի հետո մենք ունենալու ենք ժողովրդավարության բոլորովին նոր՝ անհամեմատ բարձր մակարդակ: Դա ես միայնակ չեմ անելու, դա անելու ենք միասին, սիրելի՛ հայրենակիցներ»,- ասել է Սերժ Սարգսյանը: