Ապրիլի 5-ին կեսգիշերին վթարի ենթարկված նախկին պատգամավոր, ԲՀԿ անդամ Զոհրաբ Զոհրաբյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Արմենիա» բ/կ-ի Վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Սուրեն Մակարյանը:

Նախկին պատգամավորի առողջական վիճակում, բժշկի խոսքով, առանձնապես դրական առաջընթաց չկա:

Նա շարունակում է միացված լինել արհեստական շնչառության ապարատին, գիտակցությունը պահպանված է: Առայժմ հայտնի չէ, թե նախկին պատգամավորը երբ կտեղափոխվի այլ բաժանմունք:

Ոստիկանությունից  NEWS.am-ին հայտնել էին, որ հարուցված քրեական գործով նախաքննությունը շարունակում է, նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

Հիշեցնենք, որ ապրիլի 5-ի կեսգիշերին Հրաչյա Քոչար-Փափազյան խաչմերուկում վթարի է ենթարկվել նախկին ՀՀԿ-ական, ներկայումս ԲՀԿ շարքերը համալրած Զոհրաբ Զոհրաբյանը։ Վերջինս վարորդի հետ անգիտակից վիճակում տեղափոխվել է «Արմենիա» ԲԿ։ Ըստ ԱԻՆ լրատվական ծառայության՝ դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել Վեկտրա» մակնիշի 34VU251 համարանիշի եւ «Չերրի» մակնիշի 09UL425 համարանիշի ավտոմեքենաները: Զոհրաբ Զոհրապյանը հիվանդանոց էր տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում` գանգուղեղային տրավմա, կրծքավանդակի սալջարդ վնասվածքներով: Փաստի առթիվ ապրիլի 5-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս):