Հայաստանի ՊՆ թիվ N զորամասի զինծառայող 19-ամյա Պարույր Մանուկյանը մեղադրվում է ծառայությունից ժամանակավորապես խուսափելու համար մեխով իրեն վնասելու մեջ: Բերդի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն՝ 19-ամյա Պարույր Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՊՆ թիվ N զորամասի 3-րդ գումարտակի 10-րդ վաշտի 2-րդ դասակի 1-ին ջոկի պարտադիր ժամկետային զինծառայող, կոչումով շարքային, զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց ժամանակավորապես խուսափելու նպատակով վնասել է իրեն:
Նա զորամասի կացարանում, մեխով իր ձախ նախաբազկի ափային երեսի միջին 1/3-ի շրջանում ճանկռվածքների ձեւով մարմնական վնասվածքներ է հասցրել եւ նույն օրը տեղափոխվել զինվորական հոսպիտալ՝ փաստացի շուրջ 2 ամիս խուսափելով զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց:
Քրեական գործ է հարուցվել 363 հոդվածի 1-ին մասով` իրեն որեւէ վնասվածք պատճառելու (անդամախեղելու), հիվանդության սիմուլյացիայի, կեղծ փաստաթղթեր օգտագործելու կամ խաբեության այլ միջոցով կամ ապօրինի այլ եղանակով զինծառայողի կողմից զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց ժամանակավորապես խուսափելը: Խափանման միջոց ընտրվել է հրամանատարության հսկողության հանձնելը: Քրեական գործը դատարան է ստացվել ապրիլի 4-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:




























