Ապրիլի 9-ին Վահրամաբերդում կայացել է ականի պայթյունից մահացած երեխաներից մեկի` 12-ամյա Արթուր Մկրտչյանի հուղարկավորությունը, իսկ այսօր կհուղարկավորեն 16-ամյա Մուշեղ Գեւորգյանին: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Վահրամաբերդի գյուղապետարանից:

Նրանց փոխանցմամբ` երկու ընտանիքներին 100-հազարական դրամով օգնել է գյուղապետարանը, Շիրակի մարզպետարանը, այդ տարածքից պատգամավոր ընտրված Աշոտ Աղաբաբյանը: «Ինչքան հնարավոր է, գյուղացիները, բարեկամները օգնեցին, էդպես մի բան արեցին»,- հայտնեցին գյուղապետարանից:

Գյումրիում տեղակայված ռուսական 102 ռազմաբազայից որեւէ մեկը դեռ չի այցելել ընտանիքին, ցավակցել նրանց: Փոխարենը` Վահրամաբերդի գյուղապետ Աղվան Մարտիրոսյանը որոշել է այցելել ռուսական ռազմաբազայի ղեկավարությանը եւ խնդրել օգնել ընտանիքին, ինչպես նաեւ քննարկել մի քանի հարցեր` անասունների այդ տարածքում արածեցնելու, տարածքը պարսպապատելու վերաբերյալ:

Դեպքի վերաբերյալ քննությունը կատարում է ռուսական կողմը, սակայն NEWS.am-ի թղթակցին  Գյումրիի 102 ռազմաբազայից հայտնեցին, որ իրենք չեն զբաղվում դրանով: Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը եւս տեղյակ չէին, թե ով է զբաղվում դեպքի քննությամբ: Վահրամաբերդի գյուղապետը նշեց, որ դեպքից հետո տեղանքի զննության ժամանակ հայկական կողմին ընդհանրապես չեն թողել մոտենալ, ամեն ինչ արել են ռուսական իրավապահ մարմինները: 

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱԻՆ լրատվական ծառայությունից էլ հայտնեցին, որ ապրիլի 7-ին, ժամը 15.42-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 12.30-ի սահմաններում Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի մոտակայքում` ՌԴ թիվ N տանկային հրաձգարանի տարածքում, պայթյունից մահացել է 2 երեխա: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Դեպքի վայրում են գտնվել նաեւ մարզային ԱԱԾ եւ ոստիկանության աշխատակիցներ: Պարզվել է, որ հրաձգարանի տարածքում ականի պայթյունից զոհվել են Վահրամաբերդ գյուղի բնակիչներ` 2001 թ. ծնված Ա. Մկրտչյանը եւ 1997 թ. ծնված Մ. Գեւորգյանը: Երկու երեխաները` 12-ամյա Արթուր Մկրտչյանը եւ 16-ամյա Մուշեղ Գեւորգյանը հարեւաններ են: Արթուր Մկրտչյանի հայրը գնացել էր դաշտ` ոչխարները արածեցնելու, երեխաները նրա հետ եւս գնացել էին: Այդ ժամանակ հայրը գնացել էր ջուր բերելու, երեխաները տեսել են անիվները, գնացել են մոտը խաղացել, հարվածել են, ականները պայթել են: Հայրը պայթյունի ձայնը լսելով վազել է դեպի երեխաները, սակայն նրանք տեղում մահացած էին:

Ի դեպ, երկու ընտանքիներն էլ բազմանդամ են եւ ապրում են ծայրահեղ ծանր պայմաններում, տան տղամարդիկ հովիվներ են: 8 երեխա Մկրտչյանների ընտանիքում է, 6-ը` Գեւորգյաննների: