Երեւանի Տերյանի փողոցում դանակահարության արդյունքում մահացած  19-ամյա Տիգրան Հայրապետյանը Երեւանի Պետական տնտեսագիտական համալսարանի ուսանող է, սովորում էր Աշխատանքի տնտեսագիտության բաժնի 3-րդ կուրսում: Իսկ նրա պապիկը նույն համալսարանում փիլիսոփայություն է  դասավանդում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը: Նրա խոսքով, Տիգրան Հայրապետյանը շատ հանգիստ ուսանող է եղել: «Չար երեխա չի եղել, խելոք նորմալ երեխա է եղել: Պապն էլ մեր դասախոսներից է»,- ավելացրեց ռեկտորը:

Խոսելով սպանության պատճառների մասին Կորյուն Աթոյանն ասաց, որ դեպքից հետո  գնացել է հիվանդանոց հարազատների հետ խոսել, սակայն հարազատները եւս միջադեպի մանրամասներից տեղյակ չէին: «Դեռ ոչ մի վարկած չկա, քանի որ կռվի մասնակցիներին դեռ չեն հայտնաբերել, իսկ Տիգրանը մահացել է»,- ասաց Կորյուն Աթոյանը եւ նշեց, որ ըստ շրջանառվող խոսակցությունների՝ տվյալ վիճաբանությունը մինչեւ այդ ծագած վիճաբանության շարունակությունն է եղել: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւանի Տերյանի փողոցում, Ազգային գրադարանի մոտ տեղի ունեցած միջադեպի արդյունքում կրծքավանդակի շրջանում ստացած դանակի հարվածից մահացել է 19-ամյա Տիգրան Հայրապետյանը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացել էր ոստիկանության լրատվական ծառայությունից: Ժամը 15.45-ին թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության կենտրոնականի բաժին ահազանգ է ստացվել Տերյան փողոցից, որ կրծքավանդակի աջ կեսի կտրած ծակած վերքով իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ, որը ճանապարհին մահացել է: Մեկնած  օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ մահացածը 1994թ-ին ծնված Տիգրան Հայրապետյանն է: Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կենտրոնի քննչական բաժնում կատարվում է  նախաքննություն: