Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 9-ին ընդունել է ՀՀ նախագահի պաշտոնի ստանձնման հանդիսավոր արարողությանը մասնակցելու առիթով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովին:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Սարգսյանը նշել է, թե ուրախ է մեր երկրում ողջունելու ՌԴ բարձրաստիճան հյուրին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են արձանագրել հայ-ռուսական քաղաքական երկխոսության բարձր մակարդակը՝ ընդգծելով, որ երկու երկրների միջեւ ռազմավարական դաշնակցային հարաբերությունները հաջողությամբ զարգանում են համագործակցության բոլոր ուղղություններով: Այդ հարաբերությունների ամրապնդման եւ խորացման գործում նախագահ Սերժ Սարգսյանը մեծապես կարեւորել է Սերգեյ Իվանովի անձնական ներդրումը:
ՌԴ պատվիրակության անունից Սերգեյ Իվանովը եւս մեկ անգամ շնորհավորել եւ հաջողություններ է մաղթել նախագահ Սերժ Սարգսյանին՝ պաշտոնավարման հետագա հինգ տարիներին եւ վստահություն հայտնել, որ հայ ժողովրդի ընտրությունը կնպաստի Հայաստանի առավել հզորացմանը, երկրում բարեկեցության բարձրացմանը, նաեւ հայ-ռուսական անխախտ եւ ամուր բարեկամական հարաբերությունների պահպանմանն ու զարգացմանը:
ՀՀ նախագահը եւ ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են մի շարք ոլորտներում փոխգործակցությանն ու ընթացիկ ծրագրերին վերաբերող հարցեր:



























