Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի եւ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեայի համանախագահությամբ տեղի է ունեցել Եվրամիության խորհրդատվական խմբի Խորհրդի հերթական` 12-րդ նիստը:
ԱԱԽ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նիստին մասնակցել են ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչը, Հայաստանում հավատարմագրված ԵՄ երկրների դեսպանները եւ եվրոպական կառույցների ղեկավարները, ինչպես նաեւ ՀՀ պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ:
Բացման խոսքում Արթուր Բաղդասարյանը մասնավորապես նշել է. «Այսօրվա մենք ոչ թե ամփոփելու ենք կատարվածը, այլեւ կառուցելու ենք ապագայի տեսլականը: Իսկապես, Հայաստան-ԵՄ հարաբերությունները թեւակոխել են զարգացման բոլորովին նոր փուլ: Մշակվել է ճանապարհային քարտեզ Հայաստան-ԵՄ համագործակցության համար եւ այդ ճանապարհային քարտեզը պետական մարմիններն իրականացնում են ժամանակացույցի համաձայն: Մենք ընթացիկ տարվա նոյեմբերին, Վիլնյուսի գագաթաժողովի ժամանակ, նախատեսում ենք մոտենալ ՀՀ-ԵՄ քաղաքական ասոցացման համաձայնագրի ստորագրմանը: Կարեւոր եմ համարում նաեւ այս տարվա ընթացքում Դոնորական կոնֆերանսի կազմակերպումը, որը հնարավորություն կտա, իսկապես, Հայաստանին հատկացնել լրացուցիչ ֆինանասական, տեխնիկական աջակցություն նախատեսված փոփոխությունները վճռականորեն կյանքի կոչելու համար: Այսուհետ Հայաստանի համար հասանելի են եւս 12 նոր գործիքներ: Հայաստնի պետական մարմինները կարող են ուղիղ կապ հաստատել Եվրոպական Միության շուրջ 30 գործակալությունների հետ, ինչը հնարավորություն կտա ուղղակի կապեր եւ մեխանիզմներ ստեղծել եւ լրացուցիչ աջակցություն ստանալ»:
Արթուր Բաղդասարյանի խոսքով` աշխատանքներում չափազանց կարեւոր առաքելություն ունի Եվրոպական Միության Խորհրդատվական խումբը: «Մենք այսօր, մեր աշխատանքների այս նոր շրջափուլում, կխոսենք, թե ինչպես պետք է գործի Եվրոպական Միության Խորհրդատվական խումբը առաջիկայում եւ մենք իսկապես պետք է լուրջ բարեփոխումներ կատարենք խմբի գործունեության մեջ, հաշվի առնելով 2013 թ.-ին սպասվող զարգացումները, որպեսզի հաջորդ տարվանից արդեն ԵՄ խորհրդատվական խումբը գործի էլ առավել թիրախավորված, որովհետեւ Ասոցացման համաձայնագիրը նշանակում է միայն նվազագույնը 1200 նոր օրենքների եւ օրենսդրական փոփոխությունների իրականացում, մի քանի հազար ենթաօրենսդրական փոփոխությունների իրականացում, այսինքն սա մեծ թվով բարեփոխումներ են` եւ օրենսդրական եւ իրավակիրառական»:
Դեսպան Տրայան Հրիստեան գոհունակություն է արտահայտել ծրագրի` անցյալում արձանագրված ձեռքբերումների համար: Նա նշել է. «ԵՄ խորհրդատվական խումբը ԵՄ կողմից ֆիանսավորվող ծրագիր է, որի շրջանակներում Հայաստանին տրամադրվել է օժանդակություն դեպի ԵՄ ինտեգրումն անցնելու ճանապարհին: Այժմ եկել է ժամանակը առաջընթաց արձանագրել ԵՄ-Հայաստան Ասոցացման Համաձայնագրի փաթեթի պատրաստման ուղղությամբ: ԵՄ խորհրդատվական խումբը կշարունակի իր աջակցությունը ցուցաբերել կարեւոր բարեփոխումների այս գործընթացին»:
2012թ. ընթացքում Եվրամիությունը առաջարկել եւ օժանդակել է եվրոպական ստանդարտներին համահունչ մարդու իրավունքների ազգային ռազմավարության մշակմանը, մարդու իրավունքների ոլորտում հատուկ հանձնաժողովի ձեւավորմանը, Հայաստանում այլընտրանքային պատիժների մեխանիզմի ձեւավորմանը` պրոբացիոն ծառայության ստեղծման միջոցով: Քաղաքականության հարցերով տրամադրված խորհրդատվությունն օգնել է Հայաստանին մի շարք կարեւոր ոլորտներում մոտենալ ԵՄ-ին: 2012 թվականի տեսանելի զարգացումների թվում է եղել Մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագրի ստորագրումը, ինչպես նաեւ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու շուրջ բանակցությունների հաջող ընթացքը:
Խորհրդատվական խորհուրդն իր գոհունակությունն է հայտնել ԵՄԽԽ-ի կողմից քաղաքականության հարցերի ոլորտում նախորդ տարվա ընթացքում ցուցաբերած աջակցության վերաբերյալ, հաստատեց ԵՄԽԽ-ի 2012թ. տարեկան հաշվետվությունը, նախանշել ապագայի գործունեության հիմնական ուղղությունները` մատնանշելով, որ այս տարվա ապրիլ-մայիսին սպասվում է Հայաստան-ԵՄ փոխգործակցության ակտիվացում:




























