Հայաստանում կրկին ամոթալի ընտրություններ կայացան, եւ ամեն անգամ կարելի է զարմանալ, թե որքան բազմաբնույթ կարող են լինել խախտումները: Այդ մասին մայիսի 6-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Transparency International կազմակերպության փոխնախագահ Սոնա Այվազյանը:

Նրա խոսքով, կազմակերպությունը դիտորդական առաքելություն է իրականացրել թիվ 7,8, 12 եւ 13-րդ ընտրատարածքներով, որոնք ներառել են Մալաթիա-Սեբաստիա, Էրեբունի եւ Շենգավիթ վարչական շրջանները: «Վաղ առավոտից խոչընդոտվել է լրագրողների աշխատանքը: Եղել են սպառնալիքներ, հոգեբանական ճնշումներ»,- նշել է նա:

Այվազյանի խոսքով, տեղամասերի մեծամասնությունում լարվածություն է նկատվել: «Եղել են տեղամասեր, որտեղ քվեարկության ընթացքը եղել է բավական հանգիստ, ինչը պայմանավորված էր հանձնաժողովի անդամների կամ վստահված անձանց հավասարակշռող թվով, քանի որ տարբեր քաղաքական ուժեր էին ներկայացված»,- ասել է Սոնա Այվազյանը` ընդգծելով, թե որոշ տեղամասերում հարցերը լուծվում էին Ազգային Ժողովի պատգամավորների, օրինակ Սամվել Ալեքսանյանի մակարդակով, որը սպառնացել էր թույլ չտալ խախտումների հայտնաբերման դեպքեր:

Սոնա Այվազյանը նշել է, թե Transparency International-ը տեղամասային հանձնաժողովներին 40 բողոք է ներկայացրել խախտումների վերաբերյալ: