Քիչ առաջ ուժեղ կարկտահարություն է գրանցվել Լոռիի մարզում: ինչպես հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, կարկուտ է տեղացել մարզի Վանաձոր քաղաքում, Սպիտակի եւ Ստեփանավանի տարածաշրջաններում: Մեր թղթակցի փոխանցմամբ` կարկուտը նախնական տվյալներով լուրջ ավերածություններ է իրականացրել մարզում:

ԱԻՆ Լոռիի մարզային փրկարարական վարչությունից հայտնել են, որ կարկուտից վնասվել են մարզի Լեջան, Ագարակ եւ Ամրակից համայնքները: 

NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում կարկտահարությունից տուժած համայնքների ղեկավարները նշել են, որ իրենց մոտ չկան տեղադրված հակակարկտային կայաններ: 

Կարկտահարությունից տուժած Ագարակ համայնքի ղեկավար Ռուբեն Բարխուդարյանը մեր թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ իրենց մոտ կարկուտը տեղացել է շուրջ 35 րոպե. «Չնայած չափերով մանր էր, բայց 7 սմ կարկուտը ձյան նման նստել ա, 70-80 տոկոսով հացահատիկի բերքը վնասվել է, իսկ 80-90 տոկոսով՝կարտոֆիլը»:

Լեջան համայնքի ղեկավար Սասուն Մարգարյանն էլ հայտնել է, որ շուրջ 20 րոպե տեղացած կարկուտը հիմնականում վնասել է տնամերձ հողամասերն ու ցանքատարածությունները:

Տեսանյութը՝Էդվարդ Արզումանյանի