Հայ հեղափոխական դաշնակցության խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանին են ծեծել դալաններում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ կես կատակ, կես լուրջ ասաց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը` այդկերպ արձագանքելով ՀՅԴ-ական պատգամավորի հայտարարությանը:
Նա նշեց, որ Վահան Հովհաննիսյանին ծեծել են, բայց թե կոնկրետ որ դալանում, նա չգիտի: Արդարադատության նախարարն ասաց, որ փնտրում է պատգամավորին եւ չի գտնում նրան: Նա վստահեցրեց, որ այդ ծեծը կազմակերպելիս ինքը դեր չի ունեցել: Հարցին, թե մտավախություն չունեք, որ հետո ձեզ կմեղադրեն ծեծը կազմակերպելու մեջ, նա բացասական պատասխան տվեց` «ոչ բացարձակ»:
Դալաններում ծեծվելու մասին հետաքրքրվեցինք նաեւ Արմեն Աշոտյանից: Մեր հարցին ի պատասխան Կրթության եւ գիտության նախարարը հայտնեց հետեւյալը. «Չեմ կարծում, որ այսօր այդ օրն էր, որպեսզի ես մեկնաբանեմ մի հայտարարությունը որը հետեւանք էր իմ խիստ քննադատության, եւ եթե մարդիկ նույն բանի մասին սկսում են երեք-չորս անգամ պատասխան փնտրել, նշանակում է պատասխան չի ստացվում»:
Հիշեցնենք, որ ԱԺ-ի ամբիոնից ՀՅԴ խմբակցությունից Վահան Հովհաննիսյանը, դիմելոց Արմեն Աշոտյանին եւ Հրայր Թովմասյանին, հայտարարել էր. «Ուզում եմ հարց ուղղել պարոն Աշոտյանին, իր հարեւան Հրայր Թովմասյանին, կառավարության մյուս անդամներին` դո’ւք, որ ձեր թեկնածությունը դնեք ընտրությունների ժամանակ ու ձեզ չպաշտպանի Հովիկ Աբրահամյանը, նախագահը, դատախազը, ոստիկանությունը՝ կհաղթե՞ք: Ձեզ էնքան կծեծեն դալաններում, որ դուք կարտագաղթեք, տղերք: Դուք սիստեմ եք ստեղծել, որի միջոցով անընդհատ ասում եք, որ ժողովրդի կողմից քաղաքական գնահատական եք ստացել, բայց մի՞թե չեք տեսնում` ի՞նչ կատաստրոֆիկ վիճակ է, տեսնո՞ւմ եք, չէ՞»:











