Ֆինանսների նախկին նախարար Վաչե Գաբրիելյանը իր պաշտոնանկության մասին իմացել էր դրանից մի քանի օր առաջ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրւոյցում ասաց այժմ արդեն Կառավարության աշխատակազմի ղեկավար Վաչե Գաբրիելյանը: Նա նշեց, որ այդ մասին իմացավ մի քանի օր առաջ, իրենից կարծիք հարցրին եւ ինքը համաձայնեց. «Եթե դեմ լինի, դուրս կգայի»:
Նախկին նախարարն ասաց, որ արդեն ամբողջովին վարժվել էր նախորդ պաշտոնին, այս մեկին կամաց-կամաց վարժվում է: «Նախարար լինելու մեջ, ինչպես նաեւ դրան հավասարեցված աշխատակազմի ղեկավարի մեջ էական տարբերություններ չկան, երկուսն էլ բարդ են»,- ասաց Վաչե Գաբրիելյանը:
Իսկ թե որքանով են իրականությանը համապատասխանում այն տեղեկությունները, որ կառավարության աշխատակազմի ղեկավարին նախարարի կարգավիճակ են տալիս հանուն Վաչե Գաբրիելյանի, եւ դա անում է վարչապետը, քանի որ մտերիմ հարաբերություններ ունի վերջինիս հետ, նա արձագանքեց. «Կարծում եմ, որ պետք չէ գերագնահատել իմ դերը պետական գործընթացներում: Դա պաշտոնի եւ կառավարման գործառույթների հաշվառում է եւ անձերի հետ կապ չունի»,- նշեց նա:
Վաչե Գաբրիելյանը խոստացավ նոր աշխատավայրում էական փոփոխություններ չանել կառուցվածքային առումով,«կան նոր գործառույթներ որ դրված են, պետք է դրանցով զբաղվեմ»:
Ի դեպ, նա նշեց, որ լավ հարաբերություններ ունի ֆինանսների ներկայիս նախարար Դավիթ Սարգսյանի հետ, միշտ շատ լավ հարաբերություններ են ունեցել, «ինչպես ես եմ իրեն օգնում, այնպես էլ ինքը` ինձ»:
Ի դեպ, հարցերին չպատասխանեց Դավիթ Սարգսյանը` խնդրելով իրեն թույլ տալ 2-3 ամիս չպատասխանել մեր հարցերին:











