Մայիսի 28-ը շատ մեծ նշանակություն ունի մեր ազգի համար, այսօր մեր ագզի փրկության օրն է, որ այդ մեծ Եղեռնը, որ տեսավ մեր ժողովուրդը, վերջ դրեց այդ Եղեռնին, դա մեր ազգի միասնականությունն է, որ կարողացանք հաղթել, հենց միասնական ենք լինում, միշտ հաղթում ենք: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Սեդրակ Սարոյանը:

Հիմա միասնակա՞ն ենք:

Իհարկե այո, էս սուտի-մուտի բաներին մի հավատացեք, իհարկե միասնական ենք:

Ինքներս էլ պատգամավոր եք, եւ լսած կլինեք ընդդիմադիր գործիչների ելույթները այն մասին, որ արտագաղթի, սոցիալ-տնտեսական նման պայմաններում մենք կանգնել ենք պետականությունը կորցնելու վտանգի առաջ: Ի՞նչ կարծիքի եք:

Իրոք հավատացեք, որ սաղ ստից շոուներ են անում, մեր ազգը միշտ էլ դուրս ու ներս անող ազգ է դարերով, հլը մի հատ նայեք պատմությունը, մեր ազգը մի տեղ սթրվող չի, միշտ էլ էթում են, գալիս են, նորմալ է  սաղ, պիտի փող աշխատենք, որ ապրենք:

Դուք էջմիածնեցի եք, կարկուտը շատ մեծ վնասներ է հասցրել արմավիրցիներին: Կցանկանայի իմանալ ձեր աշխատավարձից գումար փոխանցելո՞ւ եք նրանց:

Լրիվ էլ փոխանցելու եմ, կտեսնենք` մի ամսվանը, թե մի քանի ամսվանը,  կարող է ավելի շատ փոխանցենք:

Կառավարության որոշումները կարծես չեն բավարարում գյուղացիների պահանջներին: Ի՞նչ եք կարծում` որքանով են համարժեք այդ լուծումները նրանց խնդիրներին:

Որովհետեւ  ժողովրդի մոտ դեռ պարզ չի, մեր երկրի նախագահը, վարչապետը ամեն ինչ անում են, որ ժողովրդի համար լավ լինի, տեսնում են ինչ սիտուացիա ա, ոնց են օգնելու, ինչ են անելու:

Պարոն Սարոյան, մեծ բողոքի ալիք առաջացավ  նաեւ գազի գնի, էներգիայի բարձրացման խնդիրների շուրջ: Դուք մտահո՞գ եք` թե որպես քաղաքացի, թե որպես պատգամավոր:

Իհարկե, մտահոգ եմ, գազը մերը չի, ռուսինն է, մարդու ապրանքն է, ինչ գնով կուզենա, կծախի, ուզում ես` առ, չես ուզում մի առ: Մենք հետաքրքիր ժողովուրդ ենք, նենց մունաթ են գալիս, ոնց որ գազը մեր Հայաստանին է, մի հատ էլ թանկացնում ենք կամ էժանացնում, ռուսի ապրանքն է, կուզենա` թանկ կտա, կուզենա` էժան կտա, մենք կարա՞նք ռուսին թելադրենք, թե գիտես ինչ սենց ենք ուզում, նենց ենք ուզում, էդքան տարի մեզ էժան ա տվել, պիտի շնորհակալ լինենք:

Ազատամարտիկները նորից են ցանկանում Ազատության հրապարակում նստացույց անել, ի՞նչ եք պատրաստվում անել, այցելե՞լ եք նրանց կամ այցելելո՞ւ եք:

Հեսա նոր օրենք ենք ընդունելու, գեներալ Գրիգորյանի գլխավորությամբ ազատամարտիկների համար նոր օրենք ենք մտցում ԱԺ, որպեսզի իրենց սոցիալական վիճակը լավացնենք, մի քանի օրից կլինի էդ օրենքը, բան չմնաց:  Դեռ չեմ այցելել նրանց, ասենք, այցելեմ` ի՞նչ ասեմ էդ տղերքին, էդ ցավը ես իրենցից  լավ գիտեմ: Էս քյասիբ պետությունից ի՞նչ ենք ուզում, ինչ ունեն, տալիս են էլի, պիտի մեր չափով փորձենք օգնել տղերքին:

Եւ վերջում, ամռանը որտե՞ղ եք գնալու հանգստանալու:

Դեռ չեմ որոշել:

Զրուցեց Ինգա Մարտինյանը