Հայտնի է Տաշիրում խոշոր վթարից զոհվածների եւ վիրավորների ինքնությունը:

Մայիսի 28-ին, ժամը 18.26-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Տաշիր - Ստեփանավան ավտոճանապարհին` Սարատովկա գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը (ֆոտոռեպորտաժ): 

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երեւան - Տաշիր ավտոճանապարհի 168-րդ կմ-ում բախվել են «Օպել Աստրա» մակնիշի 08ՏՏ864 եւ «Օպել Վեկտրա» մակնիշի 23DD414 պետհամարնիշներով ավտոմեքենաները, ինչից Հակոբ Հովսեփյանը (ծնվ.1941 թ.) տեղում զոհվել է:

Մինչ հրշեջ - փրկարարների կանչի վայր հասնելը` «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Նորիկ Դավոյանը (ծնվ.1959թ.), ուղեւորներ Սլավիկ Սուքիասյանը (ծնվ.1959թ.), Արման եւ Արգամ Պողոսյանները (ծնվ.2005 թ. եւ 2009թ.), «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Վահան Հովսեփյանը (ծնվ.1979 թ.) եւ ուղեւորներ Սուսան Նարգիզյանը (ծնվ.1983թ.) եւ Հակոբ, Օլյա, Արեւիկ, Դիանա եւ Օլյա Հովսեփյանները (ծնվ.1945թ., 1953թ., 1977թ., 2009թ., եւ 2006թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Տաշիր քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ մահացել է Ս.Սուքիասյանը, իսկ ժ.20:00-ի սահմաններում` Արման Պողոսյանը:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:

Հրշեջ-փրկարարները իրականացրել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, հիվանդանոցում զոհվել է 7-ամյա մի երեխա, իսկ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող վիրավորներից մեկը երիտասարդ հղի կին է: