Այս տարի Ուկրաինան եւ Հայաստանը նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 95-ամյակը: «Պոլիտիկա» միջազգային նախագծերի վերլուծական կենտրոնի համակարգող, ուկրաինացի փորձագետ Օլեգ Սմիրնովը Analitika.at.ua-ին հայտնել է, որ այդ ընթացքում «հայ-ուկրաինական քաղաքական կապերը վերելքներ ու վայրէջքներ են ունեցել, բայց մեր ժողովուրդների համատեղ ապրելու բազմադարյա պատմությունը ամուր հիմք է ստեղծել այսօրվա ակտիվ համագործակցության համար»:

«Ուկրաինան եւ Հայաստանը մեծ ներուժ ունեն տնտեսության ոլորտում եւ պետք է ներդնեն բոլոր ջանքերը էներգետիկ, մեքենաշինական եւ առեւտրի ոլորտներում ծրագրերի իրականացման համար: Այդ գործընթացում կարեւոր դեր է խաղում Ուկրաինայի հայերի միությունը, որի ղեկավարությունն ակտիվորեն նպաստում է երկու երկրների գործարար շրջանակների միջեւ տնտեսական կապերի ստեղծմանը, զարգացնում շփումները օտարերկրյա հայկական կազմակերպությունների հետ, ինչպես նաեւ նպաստում միջազգային ասպարեզում Ուկրաինայի իմիջի բարելավմանը:

Իմ կարծիքով, հայ-ուկրաինական հարաբերությունների ամրապնդման հեռանկարային ուղղություններից մեկը կարող է լինել երկու երկրների քաղաքների միջեւ կոոպերացիան եւ տարածաշրջանային զարգացումը»,-հայտարարել է փորձագետը: